Ապրիլի 24-ն անցավ, մոռացանք․ առջևում տոն է՝ քաղաքացու տոնը․․․


Ապրիլի 24-ն անցավ, մոռացանք․ առջևում տոն է՝ քաղաքացու տոնը․․․
Ապրիլ 26 14:30 2019

Ապրիլ ամիսը մշտապես եղել է հայ ժողովրդի համար տխուր և նույնիսկ՝ «սև» ամիս, իսկ վերջին 3 տարիներին 1915թ-ին տեղի ունեցածին գումարվել է նաև ապրիլյան քառօրյան՝ դարձնելով այս ամիսն ավելի տխուր։

Իհարկե, արտասվելով չէ, որ մենք պետք է կերտենք հզոր երկիր կամ ոլորտային հաջողություններ գրանցենք, բայց մոռանալ՝ չենք կարող, և պարտավոր ենք հիշել, ու սա վստահաբար այն քիչ հարցերից է, որում աշխարհասփյուռ ողջ հայությունն ունի կոնսենսուս։ Հիմա չենք անդրադառնա ցեղասպանությանն ու դրա հետևանքներին, այդ մասին շատ է խոսվել, ցավոք, ո՛չ ներկայիս իշխանությունների կողմից։

Բայց դա չի նշանակում, որ ցեղասպանության մասին պետք է հիշել կամ խոսել միայն ապրիլի 24-ին, ու եթե մենք ինքներս մեզ համարում ենք պահանջատեր, ապա պարտավոր ենք մշտապես առաջ տանել մեր օրակարգերն ու վերականգնել պատմական արդարությունը։ Բայց սա էլ դեռ ամենը չէ, պարզվում է, ՀՀ-ն կարող է ունենալ իշխանություն, որ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում գեթ մեկ անգամ չի հնչեցնի ցեղասպանություն բառը, բացառությամբ ապրիլի 24-ի, ու էլ չենք ասում, որ միջոցառումների մի ողջ փաթեթ հանրայնորեն առնվազն չի քննարկվի պետական գերատեսչություններում։ Այստեղ առանցքային է հենց հանրայնորեն բառը, որովհետև այլ կերպ ո՛չ հայ, ո՛չ միջազգային հանրությունը չի կարող ընկալել մեզ որպես պահանջատեր երկիր։

Պատահական չէր, որ նշեցինք միայն ապրիլը չէ, որ պետք է մեզ հիշեցնի արյունոտ 1915-ի մասին, վերջիվերջո, լայնամասշտաբ ոճրաթյունները տեղի են ունեցել 1915թ-ի ողջ տարվա ընթացքում, էլ չենք ասում, որ հայ ժողովրդի նկատմամբ զոնգվածային կոտորածներն ու հայրենազրկումը սկսվել է դեռ 1894թ-ից, և շարունակվել են մինչև 1923թ-ը։

Պատմական այս փաստերը հայտնի են բոլորին, սակայն իշխանափոխությունից հետո տպավորություն է, որ Փաշինյանն ու իր թիմը մոռացել են դրանց մասին, քանի որ ոչ միայն ապրիլ ամսին, այլև իշխանության գալուց հետո առհասարակ մատերի վրա կարելի է հաշվել, թե քանի անգամ են նրանք արտասանել ցեղասպանություն բառը։ Նույնիսկ օրեր առաջ՝ այս մասին, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, երբ ՀՀ վարչապետին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարց ուղղվեց, Փաշինյանն այդ միջազգային բարձագույն ամբիոնից զերծ մնաց ցեղասպանություն բառն արտաբերելուց։ Նախորդ իշխանություններին ամեն ինչում կարելի է քննադատել, բայց այս հարցում ՀՀԿ-ականները շատ հետևողական էին։ Սա չի նշանակում, թե փորձում ենք որևէ կերպ արդարացնել նախորդ իշխանություններին, բայց վատի հետ պարտավորենք նաև լավը նշել՝ նվազագույնը համեմատական կարգով։

Չնայած ապրիլի 24-ին, ավանդույթի համաձայն, քաղաքական էլիտան այցելեց Ծիծեռնակաբերդ, չնայած, ավանդույթի համաձայն, Հայաստանի ղեկավարը արձագանքեց Թուրքիայի ղեկավարին, չնայած, ավանդույթի համաձայն, ցեղասպանությունը ճանաչած երկրները կիսեցին հայ ժողովրդի ցավը, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը առկա չեն ՀՀ նոր իշխանությունների օրակարգում սա կարելի է արձանագրել որպես անհերքելի իրողություն։ Փոխարենը շուտով Հայաստանում տոն է՝ քաղաքացու տոնը, գիտե՞ք՝ ցեղասպանություն իրականացրած Թուրքիան «թքած ունի» դրա վրա․․․

Վաչիկ Գրիգորյան

 

 

 



loading...