ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ


ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ
Ապրիլ 26 13:29 2019

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով ՀՀ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ 2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն. թիրախավորվել է մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտների 565 ապրանքային հայտարարագիր: Մաքսային մարմինների կողմից որոշում է կայացվել 149 դեպքով մերժել բացթողումը: Այնինչ, 2017 թվականին մերժվել է ընդամենը 7 դեպք: Նոր գործիքակազմի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը եւ թիրախավորման ճշգրտությունը: 

Ազատ առեւտրում ազնիվ մրցակցության խթանման եւ մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման եւ ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт–2018» 6-րդ միջազգային համաժողովում: Առաջարկվել է փորձը կիրառել նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից:



loading...