Լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը․ «Հրապարակ»

Լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը․ «Հրապարակ»
Ապրիլ 25 09:42 2019

«Հրապարակը» գրում է․

«Նոր իշխանությունների օրոք լայն թափով շարունակվում է մեկ անձից գնումներ կատա­րելու և իրենց ծանոթ-բարեկամների ընկերություններին «հաղթող ճանա­չելու» արատավոր պրակտիկան: Իսկ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա կրկին շահում են ընկերների ընկերությունները: Եվ այս հարցում առաջամարտիկը, իհարկե, քաղաքապետարանն է՝ իր հեղափոխական քաղաքապետով: Մարությանը նախ Ամանորին հայտնի թանկարժեք ու անճաշակ տոնածառը գնեց՝ առանց մրցույթի, հետո՝ այդքան չարչրկված «ԿամԱԶ»-ները, որոնցում ակնհայտ կոռուպցիոն ռիսկ կա: Հիմա ապրանք­ների գնումներից անցել են միջոցա­ռումների կազմակերպմանը, որտեղ քաղաքապետարանն ու քաղաքապետարանի բարձրաստիճան դեմքերը լուրջ շահագրգռություն ունեն:

 

Եվ լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջո­ցառումները միշտ շահում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, դարձյալ առանց իրական մրցույթի՝ մեկ անձից գնումով և կառավարության որոշմամբ: Օրինակ՝ «Ֆակտորին» է 24 միլիոն դրամով Ամանորին վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնա­ծառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: «Ֆատկորիին» է վստահվել նաև Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, հիմա Էլ «Ֆակտորի փրոդաքշնն» է կազմակերպելու Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Երևանում, որի համար պետբյուջեից հսկայական գումար է հատկացվել:

 

Մեզ ասացին, որ այս հարցում շա­հագրգռված է հատկապես փոխքա­ղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով զբաղված է «Ֆակտորի փրոդաքշնի» լոբբինգով, քանզի մտերիմ է ընկերության ղեկավարների հետ: Մտերմություն կա նաև քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, դրա համար էլ, երբ խոշոր միջոցառում է լինում՝ տասնյակ միլիոնների հասնող, որո­շում են մեկ անձից կատարել գնումը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» բաժին հասնեն յուղոտ տենդերները, իսկ մանր-մունր, ոչ թանկարժեք միջոցա­ռումների դեպքում արդեն բաց մրցույթ են անցկացնում՝ մրցակցության ֆոն ապահովելու համար:

 

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը երեկ չէր ուզում խոսել այս թեմայով՝ պատճառաբանելով, թե միջոցառման է, հարմար չէ: Հետո, երբ հարցը հնչեցրինք, սկսեց խոսել ու հիշեցրեց, որ Քաղաքացու օրվա միջոցառման մրցույթը քաղաքապետարանը չի անցկացրել, այլ՝ կառավա­րությունը, և խնդրեց հարցերն ուղղել կառավարությանը: Նկատեցինք, որ այս ընկերությունն իր հետ կապ ունի, իր մտերիմներին է պատկանում, դրա համար մրցույթ չի անցկացվում, և մեկ անձից գնումով միշտ այս «Ֆակտորի փրոդաքշնն» է հաղթում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...