Հայաստանը վերազինվելու է շատ խիստ. նախարարի հայտարարությունը Մոսկվայից․ «Ժամանակ»


Հայաստանը վերազինվելու է շատ խիստ. նախարարի հայտարարությունը Մոսկվայից․ «Ժամանակ»
Ապրիլ 25 08:27 2019

«Ժամանակը» գրում է․

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաև այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր: Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երևանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երևանը դրանք ձեռք է բերում կանխիկ: Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից և «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»:

Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը: Սա իհարկե ունի իր մեծ ռազմա-քաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից: Ի հերթին, բնականաբար, շատ կարևոր է, որ այդ թիկունքն էլ ունենա ամուր տնտեսական հենարան և այստեղ է, որ կանխիկ գնման հանգամանքը թվում է փոքր, սակայն շատ կարևոր տարր է:

Բանն այն է, որ այդ կարողությունը Հայաստանին օժտում է լրացուցիչ ինքնիշխանությամբ, ըստ այդմ՝ լրացուցիչ քաղաքական ճկունությամբ: Իհարկե, խոսել այն մասին, որ Հայաստանը առաջիկայում կունենա կանխիկ շատ մեծ գնումների հնարավորություն, գուցե այս պահին իրատեսական չէ, սակայն այստեղ շատ կարևոր է նաև այն սպառազինության տեսակը, որի համար վճարվում է կանխիկ: Իսկ Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները այդ առումով ունեն ռազմավարական զսպման նշանակություն, քանի որ դրանք Հայաստանին տալիս են օդային գերակայության հնարավորություն: Եթե, իհարկե, Ռուսաստանը համանման օդանավեր չվաճառի նաև Ադրբեջանին, առավել ևս, որ ռուսական մամուլում ամիսներ առաջ եղել է հրապարակում, որտեղ ենթադրվում էր, որ Հայաստանին վաճառելով Սու 30 ՍՄ, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին «մղել» Սու 35 օդանավերի գնման: Սա անշուշտ պետք չէ բացառել, և քաղաքական հարթության վրա այն կանխարգելելու համար Հայաստանի ճկունությունն ու ինքնիշխանությունը կարևոր է, որպեսզի Ռուսաստանի առաջ դրվեն փաստեր ու փաստարկներ, որոնք Մոսկվային զերծ կպահեն Հայաստանին սպառազինելով Ադրբեջանին գայթակղելու քաղաքականությունից և Հայաստանի հետ հարաբերությունը կպահեն ռազմավարական պարտավորությունների շրջանակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...