«Ավրորա»-ի աջակցությամբ 15 երկրում իրականացվում է 23 ծրագիր


«Ավրորա»-ի աջակցությամբ 15 երկրում իրականացվում է 23 ծրագիր
Ապրիլ 24 18:37 2019

«Ավրորա» մարդասիրական մրցանակի գումարներով ծրագրեր են իրականացվել հիմնականում կրթական և առողջապահական ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե դափնեկիրները ստացած դրամական պարգևներով  ինչ տեսանելի արդյունքներ են գրանցվել:

 

«15 երկրում հիմա 23 ծրագիր է իրականացվում այդ գումարներով: Եվ այս 23 ծրագրերի 75 տոկոսը կապված են կրթության և առողջապահության հետ: Ծրագրերը թույլ են տվել մի քանի հարյուր հազար մարդկանց օգնություն տալ: Օրինակ, անցյալ տարվա դափնեկրի նվիրած գումարի արդյունքում մի քանի հարյուր հազար ռոհինջա փախստական օգնություն է ստացել»,-ասաց Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նկատեց, որ իրենց տվածը միայն գումարային աջակցություն չէ: «Այդ աջակցությունը մի ազգի կողմից է, որը նույն դժվարություններն է անցել, և մենք փորձում ենք այդ երեխաներին տալ հույս ու օրինակ, թե ինչպես կարելի է վերապրել և վերականգնվել»,-նշեց նա:

Նախորդ տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումիհամար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ 2017 թվականին «Ավրորա» մրցանակ է շնորհվել բժիշկ ԹոմՔաթինային: Իսկ «Ավրորա» 2016 մարդասիրական նախաձեռնության դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն:

Այս տարվա հավակնորդներն են մարդասիրական կազմակերպության  համահիմնադիր  Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին՝ համապատասխանաբար Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Նիգերիայում առեւանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման,  Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու համար:



loading...