Սերժ Սարգսյանի կառավարման շրջանն ավելի գերադասելի է


Սերժ Սարգսյանի կառավարման շրջանն ավելի գերադասելի է
Ապրիլ 23 17:20 2019

Սերժ Սարգսյանի հրաժարականից 1 տարի անց, դժվար թե որևէ ցուցարար պնդի, որ սկսել է լավ ապրել, և հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ հայ ժողովրդի մի զգալի հատվածն հետաքրքրված է նրա ելույթով ու առաջիկա անելիքներով, ու դա ոչ ոք չի կարող հերքել։ Ինքը՝ Սարգսյանը չի խուսափում հանդես գալ ուղերձով, պարզապես, դեռ ժամանակը չէ։ ArmDay.am-ի հարցին ի պատասխան այս մասին ասել էր ՀՀ երրորդ նախագահը։

Գաղտնիք չէ, որ քաղաքական հեղափոխությունը դեռևս չի վերածվել տնտեսական, արտաքին քաղաքական կամ որևէ  այլ ոլորտայինի։ Մասնավորապես՝ տնտեսական հեղափոխության վերաբերյալ Փաշինյանի մտահղացումը դեռևս իրականություն չի դառնում, և անգամ նախանշաններ չեն նկատվում, իսկ տնտեսական ցուցանիշները գնալով անկում են ապրում։

 

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում գրանցվել է 7.6 տոկոս իրական տնտեսական աճ, որին մեծապես նպաստել են արտահանող հատվածի և մշակող արդյունաբերության զգալի ընդլայնումը, իսկ վերջին տասնամյակում Հայաստանի տնտեսությունը ընդարձակվել է՝ արձանագրելով անվանական ՀՆԱ-ի շուրջ երկու անգամ աճ։

 

2006 թվականի համեմատ, 2017 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ արտահայտած ԱՄՆ դոլարով, աճել է 82 տոկոսով՝ զգալիորեն գերազանցելով համաշխարային տնտեսության միջին աճը՝ 38 տոկոս և մեր տարածաշրջանի միջին աճը՝ 13 տոկոս։ Այս ցուցանիշով տարածաշրջանի ընտրված 44 երկրների շարքում Հայաստանը 4-րդն էր՝ զիջելով միայն Թուրքմենստանին, Վրաստանին եւ Ռումինիային։

 

Արտաքին քաղաքականության առումով էական տեղաշարժեր չեն եղել, բայց փոխվել է Հայաստանի ղեկավարի կեղվածքն առհասարակ, Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընկճված պահվածքից մինչև դաշնակից երկրների ղեկավարների կողմից հնչող անգամ անձնական վիրավորանքներ։

 

Իհարկե մարդիկ նախորդ իշխանությունների օրոք չէին ապրում երանելի կյանքով, սակայն ՀՀ-ում ներդրումներ էին արվում, իսկ նոր իշխանությունների օրոք անգամ պաշտոնական տվյալներով ներդրումները պակասել են, և դրա հետ մեկտեղ էլ չեն պակասել իշխանավորներին մատուցվող պետական ծառայությունները, իսկ երկրի ղեկավարը 100 կմ-ից ավելի ճանապարհը հաղթահարում է ուղղաթիռով։

 

Այս ամենի արդյունքում կարելի է վստահաբար ասել՝ Նիկոլ  Փաշինյանն առնվազն չի գերազանցել Սերժ Սարգսյանին, իսկ դա այն էր, ինչի համար ՀՀ «հպարտ» քաղաքացիները փողոց էին դուրս եկել։