Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու այսօրվա նիստը սկսելով տեղեկացրեց, որ օրակարգից հանվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն անվանափոխելու եւ կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
Դրա համար համապատասխան գրություն է ներկայացրել «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը: Ավելի վաղ նույն խմբակցությունը առաջ էր քաշել մարզադպրոցի անվանափոխոթւյան հարցը եւ նիստի օրակարգում ընդգրկված նախագծում առաջարկել էր այն կոչել «Երեւանի սառցե պալատ»:
Մարզադպրոցի անվանափոխության անհրաժեշտությունը Անի Խաչատրյանը պատճառաբանել էր Իրինիա Ռոդնինայի՝ փետրվարին Բաքու կատարած այցի ընթացքում կատարած հայտարարություններով: «Ի շարս ռուսաստանցի այլ պատգամավորների, այս անգամ Ադրբեջանին հաջողվել էր Բաքու տանել Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի չեմպիոնը Բաքվում հանկարծ դարձել է ցեղասպանագետ՝ խոսելով հայերի գործած հանցանքների, Խոջալուի դեպքերի միջազգային իրազեկության բարձրացման անհաժեշտության մասին: Տվել է նաեւ հարցազրույցեր այդ թեմայի շուրջ»,- ասել էր Անի Խաչատրյանը՝ մարզադպրոցի անվանափոխոթւյան հարցը համարելով երեւանցիների պատվախնդրության հարց: