Քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելու հիմքեր չունի. Հ. Կարապետյան


Քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելու հիմքեր չունի. Հ. Կարապետյան
Ապրիլ 23 16:55 2019

Քաղաքապետարանը աղբահանության գերխնդիրը լուծելու համար պատրաստ է գնալ օրենքից բխող  ցանկացած քայլի: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Ժամանակ»-ի՝ Երևանի քաղաքապե­տարանը կարծես թե մտա­դիր է խզել «Սանիթեք» ընկե­րության հետ կնքած պայմանագիրը, և Երևանի աղբա­հանության գործը ինքնու­րույն կազմակերպելու լուրին:

««Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը թույլ է տալիս որոշակի դեպքերում լուծարել պայմանագիրը վաղաժամ, սակայն քաղաքապետարանը այդպիսի որոշմում չունի, նման որոշման համար հիմքեր չկան»,-ասաց նա:

Կարապետյանը  նշեց, որ «Սանիթեք»-ը չի կարողանում ինչ-ինչ պատճառներով աղբահանությունը կազմակերպել և  հայտնվում են  ճգնաժամի առաջ և քաղաապետարանը ստիպված է լինում ինչ-որ մասնավոր ընկերությունների կամ անհատների  միջոցով այդ ճգնաժամից դուրս գալ:

«Սանիթեք»-ը  իրավական առումով գործի միակ կազմակերպիչն է, միակն է, որը ունի այն գործիքները, որոնցով  կազմակերպվում է աղբահանութունը: Այս պայմաններում  քաղաքակապերանը կարծես ականների միջով  է գնում, որպեսզի և հնարավորինս արագ իրականացնի այդ գործընթացը և որպեսզի գործընթացը չպայթի  և ավելի վատ հետևանքների չհանգեցնի:Եթե մի քանի օր աղբը չի հավաքվում, քաղաքը կանգնում է ճգնաժամի առաջ»,-ասաց քաղաքապետի խոսնակը:

Կարապետյանի խոսքով՝ քաղաքային գործող իշխանությունը հակված է, որպեսզի, փաստացի, երկրորդ օպերատորը դառնա Երևան համայնքը:

«Մենք տեսնում ենք, երբ հրատապությունից դրդված՝ մեկ անձից գնում է կատարվում,  հանրության մոտ հարցեր են առաջանում, թեև ամեն բան արվում է  օրենքի սահմանում»,-նշեց նա:

Հարցին, թե քաղաքում թափված աղբը համարո՞ւմ են ինչ-որ մեկի ձեռքի գործը, կամ դիտավորություն, Հակոբ Կարապետյանը նշեց, որ  հակված չեն նման կարծիքի, սակայն չեն էլ բացառում: