Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորման


Զինծառայողը ենթարկվե՞լ է սեռական ոտնձգության. պաշտպանական կողմը պնդում է, ՊՆ-ն՝ սպասում իրավական հիմնավորման
Ապրիլ 23 01:04 2019

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի forrights.am կայքում՝ «Սեռական բռնության ենթարկված զինծառայողները պետք է ընտրեն՝ շարունակեն ծառայությունը, թե ոչ» վերարտադրությամբ հրապարկման մեջ նշվում է, որ 2018 թ. հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների: «Կ-ին, ըստ իր ցուցմունքների, բռնաբարել է ՊԲ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկի սպա Գ-ն: Վերջինս, սակայն հերքել է բռնաբարության մասին պնդումը, վստահեցնելով, որ զինվորը անվանարկել է իրեն: Իսկ զինվորին մեղադրվում է սուտ մատնության համար: Գործը դատարանում է, սպան և զինվորը շարունակում են ծառայել: Պետությունը զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել»,- գրված է հոդվածում՝ ընդգծելով, որ ՊՆ-ն անհետևանք է թողել այս հանգամանքները: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցում ինքը հստակ դիրքորոշում ունի. «Ես պնդել և պնդում եմ՝ մինչև չլինի իրավական հիմնավորում, չի կարելի պնդել, որ եղել է բռնաբարություն: Ինչպես ես, այնպես էլ տվյալ կայքի որոշ աշխատակիցներ ունեն իրենց անձնական կարծիքը, սակայն վերջիններս փորձում են բոլորիս համոզել, որ բռնաբարությունն արդեն փաստ է ու դրա հիման վրա այդ սպային պետք է խաչեին նոր ուղարկեին տուն: Իրավապահ համակարգը հիմնավորե՞լ է, որ բռնաբարությունը փաստ է: Ո՛չ: Հետևաբար մեր բոլոր ասածները չհիմնավորված տեսակետներ են՝ մեկինը էմոցիոնալ, մյուսինը՝ կանխատեսում: Ես իմ համոզված կարծիքն ունեմ, բայց այն գրոշ չարժի քանի դեռ այն հիմնավորված իրավական փաստ չէ: Ես էլ համոզված եմ՝ այդ սպան չէր կարող զինվոր բռնաբարել, ո՞ւր են իմ հիմնավորումները, դա իմ էմոցիոնալ կարծիքն է, բայց ոչ օրենքով փաստարկված, ապացուցված»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է սպասել քրեական գործի հանգուցալուծմանը:

 

Զինծառայող Կ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սպայի անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները խոսում են սեռական ոտնձգության մասին. «Գործը փոքր-ինչ խճճվելէ, քանի որ նոր քրգործ է հարուցվել: Ի սկզբանե գործը հարուցվել էր հաղորդման հիման վրա, նման բան տեղի է ունեցել, սակայն հետո ցուցմունք փոխելու հետևանքով՝ գործը դատարան էր մտել սուտ մատնության հոդվածով: Այժմ նոր քրգործ է հարուցվել, քանի որ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք համընկնում են այն ժամանակահատվածի հետ, երբ դեպքը տեղի է ունեցել: Իմ պաշտպանյալն այս դեպքում տուժող է: Կան դատաբժշկական մի շարք փորձաքննության արդյունքներ, որոնք վկայում են այն մասին, որ բռնություն եղել է:

 

Մինչ սպայի անմեղության կանխավարկածին անդրադառնալը անհրաժեշտ է չանտեսել այն հանգամանքը, որ այլևս անհերքելի փաստեր են սեռական բռնության ենթարկվելը զորամասում, և կարծում եմ՝ Պաշտպանության նախարարությունը պիտի մտահոգված լինի այդպիսի խնդիրները կանխելու ուղղությամբ գործուն միջոցներ կիրառելու հանգամանքով, այլ ոչ թե միայն սպային մեկուսացնելու փորձեր կատարի, ինչը վարույթն իրականացնող մարմնի գործն է: Տվյալ դեպքում, եթե մի պահ մոռանանք սպային, մեզ կմնան դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ, որոնցում հստակ նշված են թե՛ վնասվածքները և թե՛ դրանց առաջացման ժամկետները»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց՝ իր վստահորդի ծառայությունը դադարեցնելու առաջարկով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազին, Պաշտպանության նախարարին, քանի որ զինծառայող Կ-ն ունի հոգեբանական խնդիրներ և հոգեբանի կարիք: