Արգենտինական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը դասավանդվում է որպես առանձին առարկա


Արգենտինական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը դասավանդվում է որպես առանձին առարկա
Ապրիլ 21 11:27 2019

Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը սկսել է դասավանդվել որպես առանձին առարկա: Նախաձեռնությունը Արգենտինայում բնակվող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դա մեկ օրվա գործ չէ, այն արդեն 22 տարի իր հետևողական աշխատանքի արդյունքն է:

«Պաշտոնապես արգենտինական քոլեջում հայ մշակույթը ընդունվեց որպես առանձին առարկա: Շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան: Այս քայլի միջոցով օտարազգի երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական երաժշտությանը, ժողովրդական գործիքներին: Ես կարծում եմ, որ մշակույթը Հայաստանը ճանաչելու կարևոր բանալին է»,-ասաց Գագիկ Գասպարյանը:

Երաժիշտը պատմում է, որ հայ մշակույթը, որպես առանձին առարկա դասավանդելու իր առաջարկը շատ ոգևորությամբ ընդունվեց: Եվ դա պատահական չէր, որովհետև տարիներ շարունակ նա հետևողական աշխատել է Արգենտինայի երաժշտության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների հետ և ներկայացրել հայկական երաժշտությունը:

«Երբ առաջարկով հանդես եկա քոլեջի ղեկավարությանը, այն շատ ուրախությամբ ընդունվեց: Ի դեպ, առաջին դասախոսությունը կայացել է ապրիլի սկզբին, լսարանում մեծ ոգևորություն էր տիրում: Ներկաներին հետաքրքրիր էր մեր պատմությունը, մեր մշակույթը: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք մեր մշակույթը կարողանում ենք ճիշտ շեշտադրմամբ ներկայացնել, ապա այն օտարազգիներին հետաքրքիր է: Արգենտինայում հայերը 100 տարի է ապրում են: Եթե սկզբում փակված ենք եղել, ապա վերջին տարիներին այլ միտում է նկատվում: Ձգտում ենք ավելի լայն շրջանակին ներկայացնել մեր մշակույթը՝ համագործակցելով արգենտինացի երաժշտագետների հետ: Այսօր հասել եմ այն փուլին, որ հայ մշակույթը ներկայացնելու առաջարկներն արդեն ինձ են անում»,-ասաց Գագիկ Գասպարյանը: Նա նկատեց, որ Արգենտինայի այլ կրթական հաստատությունների հետ ևս ընդգրկուն համագործակցություն կա: Տարվա ընթացքում Հայաստանից հրավիրված երաժիշտների հետ համերգներով ու դասախոսություններով են հանդես գալիս: 2015 թվականին էլ Չիլիի Մշակույթի նախարարությունը որոշում ընդունեց ամբողջ մեկ տարին նվիրել հայ մշակույթին: Այդ ընթացքում հայկական երաժշտության, գործիքների, պատմության մասին 15 դասախոսություններ են կարդացվել: