Շրի Լանկայում որոտացել է 8-րդ պայթյունը, կա առնվազն 187 զոհ. իշխանությունները պարետային ժամ են հայտարարել


Շրի Լանկայում որոտացել է 8-րդ պայթյունը, կա առնվազն 187 զոհ. իշխանությունները պարետային ժամ են հայտարարել
Ապրիլ 21 14:10 2019

Շրի Լանկայում որոտացել է այսօրվա ընթացքում արդեն 8-րդ պայթյունը, որից հետո կառավարությունը պարետային ժամ է հայտարարել, արգելափակվել են սոցկայքերը և մեսենջերները, գրում է The Guardian-ը՝ երկրի իշխանություններին հղումով:

Պայթյունը որոտացել է Կոլոմբո քաղաքի Դեմատագոդա արվարձանում: Պարետային ժամը կսկսվի տեղական ժամանակով 18:00-ին և կտևի 12 ժամ: Սա նշանակում է, որ բնակիչները տուն վերադառնալու համար 3 ժամ ունեն: 

Պայթյունից ընդամենը կես ժամ առաջ Կոլոմբո քաղաքի Դեհիվալա արվարձանի հյուրանոցներից մեկում մեկ այլ պայթյուն էր որոտացեկլ, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել:

Ավելի վաղ տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում երկրում Զատկի տոնակատարությունների ժամանակ ևս 6 պայթյուն էր որոտացել: Դրանցից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան հարյուրավոր տուժածներ: Բուժհաստատությունների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ տուժածների համար արյուն հանձնելու: 

Շրիլանկացի և օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ դատապարտել են կատարվածը՝ այն ահաբեկչական հարձակում որակելով:

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել: