Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը


Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը
Ապրիլ 21 15:34 2019

Չինաստանը, ինչպես եւ աշխարհի շատ երկրներ, դիտարկում եւ ուսումնասիրում է Լուսնի վրա մարդ իջեցնելու հնարավորությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Չինաստանի տիեզերական ազգային վարչության լուսնային եւ տիեզերական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Յույ Գոբինին։

 

«Աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ Չինաստանը, մտածում են Լուսնի վրա մարդ իջեցնելու մասին, քանի որ ամերիկյան «Ապոլոն-17» առաքելությունից հետո 1972-ին ոչ ոք Լուսնի վրա իր հետքը չի թողել»,- գործակալությունը մեջբերել է Յույ Գոբինի խոսքերը։

 

 

Նա ավելացրել է, որ «այժմ բոլոր երկրները նորից ոգեւորվել են լուսնային հետազոտություններով, կան շատ տեսակետներ եւ ծրագրեր, միանգամայն ակնհայտ է, որ, օրինակ, ԱՄՆ-ը իր պլանների մասին տեղեկացրել է ողջ աշխարհին, ես համոզված եմ, որ այն դրանք իրականացնելու հնարավորություններ ունի»։

 

«Չինաստանը, ըստ իս, նույնպես դիտարկում է իր հնարավորություններն այս ոլորտում, բայց, թերեւս, դա կարճ ժամանակում տեղի չի ունենա»,- նշել է նա։

 

Ինչպես նշում է գործակալությունը, «Ռոսկոսմոսի» ավելի վաղ տարածված փաստաթղթում ասվում էր, որ առաջին ռուսական արշավախումբը պետք է Լուսին ուղարկվի 2031-ին, իսկ հետո նման թռիչքները նախատեսվում է դարձնել ամենամյա։ 2032-ին նախատեսվում է Երկրի արբանյակ հասցնել լուսնագնաց (ծանր լուսնագնաց՝ տիեզերագնացներ տեղափոխելու հնարավորությամբ), ինչպես նաեւ երկրորդ արշավախումբը, որը կզբաղվի «Լուսնի մակերեսով տեղափոխվելու միջոցների փորձարկմամբ»։

 

Մարտին ԱՄՆ փոխնախագահը ԱՄՆ ազգային տիեզերական խորհրդի նիստում հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ամերիկյան աստղագնացներ ուղարկել Լուսին հինգ տարվա ընթացքում։ Փենսը հայտարարել է, որ «հաջորդ տղամարդը եւ առաջին կինը Լուսնի վրա լինելու են ամերիկացիներ», եւ կարգադրել է դա անել 2024 թվականին ցանկացած միջոցով։ Ընդ որում՝ ԱՄՆ տիեզերական գերատեսչության բյուջեի նախագծում ասվում է, որ ամերիկյան աստղագնացի վայրէջքը Լուսնի վրա նախատեսվում է իրականացնել մինչեւ 2028 թվականը։