Հայաստանում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվի «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո


Հայաստանում հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվի «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո
Ապրիլ 16 13:27 2019

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցա­ռում­­ներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համա­գոր­ծակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ:

 

Միջոցառումների (կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ) նպատակն է հնարավորություն ստեղծել հանրու­թյանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը: