Վաղը տրանսպորտային միջոցներից մի քանիսը չեն աշխատի


Վաղը տրանսպորտային միջոցներից մի քանիսը չեն աշխատի
Ապրիլ 15 22:51 2019

Վաղը ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Երեւանի ներքաղաքային փոխադրում իրականացնող ընկերությունները ինձ երաշխավորել են անել հայտարարություն: Ասեմ՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվել ու չենք զբաղվում, մեր քայլերը որեւէ մեկի դեմ չեն, մենք մեր շահերից ենք խոսում: Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը:

 Սպասվող բողոքի ակցիայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Իր խոսքում Հակոբ Կարապետյանն ասաց․

«Ես չեմ կարող մեկնաբանել ինչ-որ սյուբյեկտների գործողություն, որը քաղաքապետարանը չէ։ Թե ինչի համար է հայտարարվում գործադուլ, պետք է կազմակերպիչներից հարցնել։ Ես կարող եմ ասել, որ քաղաքապետարանը ունի երթևեկության կոլապսը թույլ չտալու մեխանիզմներ և միջոցներ ունի։ Դրանք ի հայտ կգան խնդիրներ առաջանալու դեպքում»։

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը, որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում: Եղիազարյանը չցանկացավ նշել, թե կոնկրետ որ ավտոբուսները և միկրոավտոբուսները վաղը չեն աշխատի։


Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ