ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները


ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները
Ապրիլ 15 21:50 2019

Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ուժային այլ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ոստիկանության վետերաններ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զոհված ոստիկանների ընտանիքների անդամներ: Հանդիսության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները եւ հասարակական կարգը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը: Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ոստիկանության հարգարժան աշխատակիցնե՛ր, անգնահատելի է ձեր կողմից իրականացվող աշխատանքի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության անցած մեկդարյա պատմության մեջ ու հանրային կյանքում: Ոստիկանությունը միշտ աչքի է ընկել թե՛ երկրի սահմանների պաշտպանության, թե՛ հասարակական կարգի պահպանման ընթացքում: Սակայն մեր հայրենիքի քաղաքացիները ձեզ այդքան շատ չեն սիրել, հարգել ու գնահատել, որքան որ գնահատում ու սիրում են Նոր Հայաստանում, ինչը ես համարում եմ ձեր աշխատանքի լավագույն արդյունքը: Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը հիմա մի քանի անգամ ավելացել է, սակայն դուք շարունակում եք պատվով ու պատասխանատվությամբ տանել ձեր գործը: Ձեր մասնագիտական բարձր որակների ու պարտաճանաչ ծառայության համար մեր մարզը ներկայացվել է դրական ձեռքբերումների ներքո: Համոզված եմ, որ մեր տեսանելի փոխհամագործակցության արդյունքում շահելու է հանրությունը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն ու հաջողություններ կյանքում, մասնագիտական աշխատանքում»,-ոստիկանության համակարգի աշխատողներին դիմեց մարզպետը: Իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքը հղեց նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը:

«Իրոք, հասարակության մեջ ոստիկանության աշխատակիցների հանդեպ շատ է մեծացել վստահությունը, ինչը ձեռք է բերվել հմուտ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ: Օգտվելով առիթից՝ ձեզ հետ միասին շնորհավորում եմ նաեւ ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հավասարապես կրում են ոստիկանության աշխատակցի ծանրաբեռնվածությունը: Շնորհավորում եմ նաեւ հանդիսության մասնակից ոստիկանության վետերաններին, ովքեր ժամանակին դրել են լավագույն աշխատանքի հիմքերը:Վստահ եմ, որ մեր մարզի ոստիկանները միշտ կգրանցեն դրական արդյունքներ, իսկ մեր համագործակցությունը միշտ կլինի արդյունավետ»,-նշեց Գեղարքունիքի մարզի դատախազը: «Ոստիկանության հարգարժան աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն, երկար տարիների կյանք, նոր ձեռքբերումներ ձեր մասնագիտական աշխատանքում: Առաքելություն է ոստիկանի կոչումը, ուստի մենք մեր պարտքը պետք է կատարենք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ մեր անբասիր ծառայության արդյունքում մեր մարզում մշտապես կտիրի հանրային կյանքի անդորրը, խաղաղությունն ու համերաշխությունը:

Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհված ոստիկանների հիշատակի առջեւ»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը: Այնուհետ Արամ Ղազարյանը դրամական պարգեւով, ոստիկանության պատվոգրերով, շնորհակալագրերով, կրծքանշաններով խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանության աշխատակիցներին ու վետերաններին: Ոստիկանության աշխատակիցներին գերատեսչական պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Կարեն Թորոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը եւ Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դրամական պարգեւ հանձնեց զոհված ոստիկանների ընտանիքներին, որոնց անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդենիս քաղաքի բնակիչ, զոհված ոստիկանի հայր Պավլե Ավետիսյանը:

 

«Հավերժ փառք մեր հերոս զավակներին, որ գնացին գիտակցված մահվան, որպեսզի խաղաղ ապրի մեր հայրենիքը: Մենք պետք է սրբորեն պահենք ոչ միայն նրանց անունները, այլ այն գործը, հանուն որի զոհվեցին մեր սիրելի զավակները»,-ասաց Պավլե Ավետիսյանը: Հանդիսության մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառի , Նորատուսի եւ Սարուխանի արվեստի եւ երաժշտության դպրոցների սաները:

 

Խոսրով Խլղաթյան



loading...