«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հարցերին


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հարցերին
Ապրիլ 15 20:53 2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը,պատասխանել ուսանողների հարցերին:

 

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

 

Կոպենհագենի համալսարանի «Միջազգային բանավեճ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչ Սելին Էմմա Լա Քուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Նրա խոսքով՝ Հայաստանն իր անցած ճանապարհով բավականին հետաքրքիր թեմա է քաղաքագիտությունն ուսումնասիրողների համար:

 

Ուսանողները այցելել են նաեւ Արցախի Հանրապետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական էլիտաների մակարդակում, այլեւ հասարակական լայն շերտերի, որի համար արդյունավետ գործիք կարող են հանդիսանալ նաեւ առցանց հարթակները:

 

Պատգամավորներն ուսանողների խնդրանքով անդրադարձել են նաեւ ԵՄ, Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին:Խորհրդարանականները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի: