Երևանի քաղաքապետարանը թերացման համար «Սանիթեք» ընկերությանը ենթարկել է շուրջ 13 մլն դրամ տույժի


Երևանի քաղաքապետարանը թերացման համար «Սանիթեք» ընկերությանը ենթարկել է շուրջ 13 մլն դրամ տույժի
Ապրիլ 15 20:12 2019

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մինչ այս քաղաքապետարանը, «Սանիթեք»-ի վիճակը ավելի չվատթարացնելու եւ մինչեւ համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը: Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու»,-գրել է Կարապետյանը:

Նա նշել է, որ կրկին հայցում են երեւանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբավարար վիճակի համար եւ հայտնել է, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ «Սանիթեք»-ի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ: