Արմավիրում բացվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը. Հաջորդը կբացվի Կապանում (տեսանյութ)


Արմավիրում բացվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը. Հաջորդը կբացվի Կապանում (տեսանյութ)
Ապրիլ 15 13:45 2019

Արմավիրում բացվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Գրասենյակի բացմանը ներկա էին կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ:

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նշեց, որ Արմավիրում գրասենյակ են բացում, որ հասանելի լինեն նաեւ այնտեղ:

«Մեր պատգամավորներն այստեղ ընդունելություն կունենան եւ այն խոստումը, որ մենք տվել ենք, որ լինելու ենք հասանելի, ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչը 7-րդ գումարման ԱԺ-ում, նրանց խնդիրները բարձրացնողը, խնդիրներին լուծում տվողը, մենք դրանք ամենօրյա ռեժիմով կատարում ենք»,- ասաց նա:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե որ օրերին են ընդունելություն ունենալու: Գրասենյակի անդամներն ասացին, որ ամեն օր լինելու է:

«Շատ լավ է: Մեր այն պատգամավորները, որ ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, այսինքն՝ հստակ կոնկրետ տարածք են ներկայացնում խորհրդարանում, շաբաթ եւ կիրակի օրերին են ընդունելություն կազմակերպելու: Իսկ համամասնական ցուցակով ընտրվածները այցելություններ են իրականացնելու մարզեր եւ մարզային գրասենյակներում ընդունելու են քաղաքացիներին: Որտեղ գրասենյակ չունենք՝ դիմելու ենք համայնքի ղեկավարներին, որ տարածք տրամադրեն ընդունելությունների համար, որը օրենքով է սահմանված»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ աշխատելու են բոլոր մարզերում, որպեսզի ունենան գրասենյակներ եւ կոչ արեց  քաղաքացիներին, որ աջակցեն ԼՀԿ-ին: «Մեր կայքի միջոցով հնարավոր է փոխանցում կատարել մեր կուսակցությանը եւ մասնակցել կուսակցության ֆինանսավորմանը»,- ասաց նա:

Մարուքյանը տեղեկացրեց, որ ԼՀԿ-ի հաջորդ գրասենյակի բացումը կլինի Կապան քաղաքում:

 

 



loading...