Տաթևի համայնքապետը անօրինական աճուրդ է կազմակերպել և համայնքի գույքը գրանցել որդու անունով


Տաթևի համայնքապետը անօրինական աճուրդ է կազմակերպել և համայնքի գույքը գրանցել որդու անունով
Ապրիլ 15 15:05 2019

ArmDay.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը: Նա համայնքին պատկանող  գույքը գրանցել է որդու անունով,որի հետ կապված բավականին շատ ապօրինություններ են բացահայտվել:  Հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի համայնքապետի նկատմամբ:

Մեր տեղեկություններով՝ Մուրադ Սիմոնյանի նկատմաբ նաև քրեական  այլ գործեր են քննվում:

Համայնքապետի անօրինական գործողություններից մեկի մասին  Փաստաբանական պալատի, «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը ArmDay.am-ին մանրամասներ է հայտնել:

Փաստաբանի խոսքով՝ 2004 թվականից սկսած՝ Գենյա  և Միսակ  Մարտիրոսյանները  Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի Կենցաղի շենքի նկուղում առևտուր են կազմակերպել և կատարել են հարկային և այլ պարտադիր վճարումները:

Միսակ Մարտիրոսյանը մի քանի անգամ դիմել է համայնքապետ Մուրադ  Սիմոնյանին տարածքը  սեփականաշնորհելու համար ՝ առաջարկելով աճուրդ  կազմակերպելու դեպքում իրենց ևս տեղյակ պահել: Մինչև 2017 թվականը Մարտիրոսյանները անընդհատ հիշեցրել են, որ ցանկանում են սեփականաշնորհել այդ տարածքը,սակայն  Մուրադ Սիմոնյանը տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել և նշել հատկապես, որ այդ տարածքը հնարավոր չէ սեփականաշնորհել, քանի որ այն համայնքի գույք է և պետք է մնա համայնքին:

«2017 թվականին, Միսակ և Գենյա Մարտիրոսյանները պարզել են, որ  այդ տարածքները  դեռևս 2011 թվականից պատկանում է համայնքի ղեկավարի որդուն՝ Վոլոդյա Սիմոնյանին: Մուրադ Սիմոնյանը  2017թվականին օգոստոս ամսին սկսել է տվյալ տարածքում քանդման աշխատանքներ իրականացնել և հայտարարել, որ տարածքն իրենց է պատկանում և պետք է ազատել այն  մեկ շաբաթվա ընթացքում: Ոստիկանության պահանջով՝ նրանք սեփականության վկայական են ցույց տվել և Մարտիրոսյանները ստիպված ազատել են տարածքը: Կադաստրային հարցման արդյունքում պարզվել է, որ 2011 թվականի աճուրդ է կազմակերպել Կենցաղի շենքի նկուղի հետ կապված  և հաղթող է ճանաչվել համայնքապետի որդին»,-ասաց Պապոյանը:

Տեղացիները պնդում են,  որ համայնքում աճուրդի մասին որևէ հայտարարություն  չի եղել, հետաքրքրվողներ եղել են,  սական Մուրադ Սիմոնյանը երբեք չի հայտնել, որ աճուրդն արդեն եղել է և տարածքը սեփականատեր ունի:

Փաստաբան Պապոյանը  նշեց, որ համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ակնհայտ է  դարձել, որ  անհամապատախանություն կա Վոլոդյա Սիմոնյանի ստորագրությունների միջև:

Գույքը աճուրդի հանձելու որոշումը ավագանու որոշմամբ է իրականացվել, սակայն ավագանու 4 անդամը  ստորագրել են այդ որոշումը: Ավագանու անդամներից երկուսը հայտնել են, որ  իրենք այդ որոշման տակ չեն ստորագրել: 

Նշենք, որ  համաձայն  Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի՝ սակարկություններին չեն կարող մասնակցել  համայքնապետի երեխաները,  հարազատները և այլն, ուստի Վոլոդյա  Սիմոնյանը իրավունք չուներ մասնակցել աճուրդին:

Փաստաբանը գրեթե վստահ է,որ աճուրդ  տեղի չի ունեցել և այս ամենը կազմակերպված է: 

Գենյա Մարտիրոսյանը դեպքի հետ կապված հաղորդում է ներկայացրել Սյունիքի մարզի դատախազին:

«Մուրադ Սիմոնյանը իր պատշոնեական դիրքը չարաշահել է ոչ միայն այդ դեպքով, այլ  առահասարակ, իր պաշտոնավարման ընթացքում: Խնդրել ենք, որ  բոլոր աճուրդային գործերը վերանայեն: Ներկա պահին Ոստիկանության Գորիսի բաժնում  նյութեր են նախապատրաստվում: Ակնկալում ենք, որ քրեական գործ  հարուցվելու է»,-ասաց փատաբանը: 

ArmDay.am-ը փորձեց կապ հաստատել նաև  Տաթևի համայնքապետի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: