Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին


Հայաստանն առաջին պետությունն է, որ միացավ St. Jude Global Alliance-ին
Ապրիլ 15 09:22 2019

Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի (St.Jude Children’s Research Hospital) հետ:

Այդ մասին հայտնում են Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում։

Համագործակցության հուշագիրը կնքվել է ապրիլի 12-ին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև: Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգեզ-Գայլանդոյն և հիվանդանոցի Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սիմա Ջեհան: Սույն համաձայնագրով Հայաստանը միանում է St. Jude Global Alliance-ին, որի միջոցով առավել արդյունավետ կերպով կկարողանա պայքարել մանկական քաղցկեղի դեմ: Միանալով St. Jude Global Alliance-ին, Հայաստանը կմիանա այլ երկրների՝ միասին կլուծեն մանկական ուռուցքաբանության ոլորտի մարտահրավերներն  ու կապահովեն ախտորոշում և բուժում քաղցկեղով հիվանդ բոլոր երեխաների համար:

Ստորագրման արարողությունից հետո Աննա Հակոբյանը շեշտել է, որ համաձայնագիրը չափազանց կարևոր քայլ է քաղցկեղի դեմ պայքարում:

«Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի հարյուր դեպք և մեր նպատակն է օգնել այդ երեխաներին՝ հաղթահարելու հիվանդությունը: Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց այցելությունն ու նաև այս համաձայնագիրը չափազանց կարևոր է, և մենք պետք է ընդօրինակենք հիվանդանոցի լավագույն փորձը»,-

ասել է Աննա Հակոբյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ իր ամենամեծ երազանքն է, որպեսզի Հայաստանում էլ նման կենտրոն ստեղծվի և հայ մանուկները ստիպված չլինեն քաղցկեղի բուժման համար մեկնել արտերկիր:

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական համալսարանի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգիեզ-Գայլանդոյն էլ շեշտել է, որ Հայաստանի անդամակցությունը չափազանց կարևոր է և մոտ ապագայում մի շարք երկրներ նույնպես կանդամակցեն նախագծին:

Դեռևս ս.թ. փետրվար ամսին ԵՊԲՀ-ում կայացած Մանկական քաղցկեղի միջազգային կոնգրեսի շրջանակում, որին մասնակցում էին 40 երկրների ներկայացուցիչներ, ձեռք բերվեց համաձայնություն Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի՝ այդ պահին Հայաստանում գտնվող ղեկավարության, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի ու Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի միջև ԱՄՆ այցի և հետագա համագործակցության վերաբերյալ:

Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի լավագույն կենտրոնն է: Այս հիվանդանոցում, շնորհիվ բժշկական անձնակազմի և անընդհատ զարգացող բժշկական ծառայությունների, հնարավոր է լինում փրկել քաղցկեղով հիվանդ երեխաների ութսուն տոկոսին: Հիվանդանոցում սնունդը, կեցությունն ու տրանսպորտային ծախսերն անվճար են: Հիվանդանոցի ղեկավարությունը, բարերարներն և բուժանձնակազմը վստահ են, որ որևէ երեխա չպետք է մահանա քաղցկեղից ֆինանսների բացակայության պատճառով: Ներկա դրությամբ հիվանդանոցն ունի 11 միլիոն դոնոր, որոնք ամսեկան հիվանդանոցի հաշվեհամարին են փոխանցում 25 դոլար: Հիվանդանոցի տարեկան բյուջեն կազմում է մեկ միլիարդ դոլար: