Ծաղկազարդը նշվեց մեծ շուքով, բաժանվեցին խաչեր և օրհնված ուռենու ճյուղեր


Ծաղկազարդը նշվեց մեծ շուքով, բաժանվեցին խաչեր և օրհնված ուռենու ճյուղեր
Ապրիլ 14 23:50 2019

Ապրիլի 14-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

 

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվության բաժինը, այս կապակցությամբ առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին՝ նրանց ընծայելով խաչեր, իսկ հավատավոր ժողովրդին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

 

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Պատարագի արարողությանը մասնակցեց Ս. Գայանե եկեղեցում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից ժամանած Մայր Աթոռի բարերարներ:

 

Ս. Պատարագի ավարտից հետո Ս. Գայանե վանքի շրջափակում կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Հայաստանի տասներկու տարբեր մանկատներից Մայր Աթոռ ժամանած շուրջ 200 երեխաներին՝ նրանց բաժանելով նաև խաչիկներ: Վերջիններս նաև ներկա գտնվեցին Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» Հայորդյաց տանն իրենց համար կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը:

 

Նույն օրը Վեհափառ Հայրապետը Վեհարանի առջև հանդիպեց «Դանիական Հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության և Արագածոտնի ու Տավուշի թեմերի համատեղ գործակցությամբ «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում հիշյալ թեմերի 26 համայնքներում իրականացվող քրիստոնեական դաստիարակության լսարանների շուրջ 500 երեխաների հետ:

 

Իր հայրական օրհնությունը փոխանցելով նրանց՝ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռ ուխտագնացությունը վերջիններիս Ս. Էջմիածնի հանդեպ անհուն սիրո վառ արտահայտությունն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց մանուկներին ու պատանիներին հանապազ աղոթել, որպեսզի միշտ հաղորդակցության մեջ լինեն Աստծո հետ, վայլեն նրա օրհնությունը, անսահման սերն ու ողորմությունը: Վերջում միասնական Տերունական աղոթքից հետո Գարեգին Բ Հայրապետը մանուկներին նվիրաբերեց խաչեր: