Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարարի հետ


Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններն են. Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԳ նախարարի հետ
Ապրիլ 14 11:06 2019

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 13-ին  հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը  նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:

 

ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

 

Նախարարները մտքեր են փոխանակել  խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

 

Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից: