27-ամյա երիտասարդը Հալիձորում փորձել է բռնաբարել հնդկուհուն, աղջիկը պաշտպանվել է կրծկալի մեջ պահած դանակով


27-ամյա երիտասարդը Հալիձորում փորձել է բռնաբարել հնդկուհուն, աղջիկը պաշտպանվել է կրծկալի մեջ պահած դանակով
Ապրիլ 13 22:56 2019

27-ամյա Տիգրան Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 25-ի գիշերը՝ ժամը 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Բ.-ն ընկերոջ՝ Վահեի հետ հանդիպել է զբոսաշրջիկների՝ լեհ Աննային ու Յանոշին և հնդկուհի Ռեմուլային:

Նրանք գիշերակացի համար հանգրվանել են Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25.1 կմ հատվածի՝ Հալիձորի «Խրիմյան Հայրիկի քար» տեղանքի անտառային տարածքում: Հաց են կերել, ոգելից խմիչք են օգտագործել, ինչից հետո Տիգրան Բ.-ն մտել է Ռեմուլայի ու Աննայի վրան, փորձել է արթնացնել Աննային: Միջամտել է հնդկուհի Ռեմուլան՝ նա ձեռքերով հրելով՝ Տիգրանին դուրս է բերել վրանից: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Տիգրան Բ.-ն Ռեմուլայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ պառկեցրել է գետնին, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Ռեմուլան անսպասելի Տիգրանի դեմքին «պարզել է կրծկալի տակ պահված ծալովի դանակը, որը վերցնելու և դեն նետելու ժամանակ Տիգրանը վնասել է աղջկա ձեռքերը: Դիմադրելով Տիգրանին՝ աղջիկը կծել է նրա լեզուն: Տիգրանը ստիպել է Ռեմուլային, որ նա ձեռնաշարժություն կատարի…

Տիգրան Բ.-ն ձերբակալվել է նույն օրը, առնվել է կալանքի տակ:

2018 թվականի սեպտեմբերի 26-ին նա ազատ է արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց:

Տիգրան Բ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ 2018 թվականի հուլիսի 24-ին, ժամը 12-ի սահմաններում ընկերոջ՝ Վահեի հետ, նրան պատկանող «ՎԱԶ- 2107» մեքենայով Եղեգնաձորից իրենց գյուղ էին գնում: Մեքենան ինքն էր վարում: Ճանապարհին հանդիպել են ավտոստոպով տեղաշարժվող, սլավոնական արտաքինով տղայի ու աղջկա: Կանգնել, նրանց վերցրել են: Նրանք լեհ էին՝ Աննան ու Յանոշը: Ասել են, թե գնում են Տաթև: Ճանապարհին սուրճ ու գարեջուր են խմել: Քանի որ ինքը Տաթևում չէր եղել, Վահեին ասել է, թե իրենք էլ են Տաթև գնում, կարող են նրանց տանել: Լեհերը համաձայնել են:

Ժամը 17-ի սահմաններում Վահեի վարած մեքենայով շարժվել են Տաթև: Ճանապարհին իրենց հետ ռուսերենով շփվում էր միայն Աննան, նրա ընկերը ռուսերեն չէր խոսում:

Աննան ասել է, թե Տաթևում իրենց սպասում է հնդիկ ընկերուհին:

Ժամը 20-ի սահմաններում հասել են ճոպանուղի, իջել են Հալիձորի ուղղությամբ, հետո գնացել են «Սատանայի կամուրջ»: Այնտեղ լեհերը հանդիպել են հնդկուհուն, որի անունը «Ռ» տառով էր, ինքը նրան «Ռիհանա» էր ասում:

Այդ օրը Տաթև չեն գնացել, որոշել են հաջորդ օրը գնալ: Մոտակա գյուղից առևտուր են արել՝ մթերք, թթի օղի են գնել, գնացել են Հալիձորի մոտակա անտառ, վրաններ են տեղադրել: Խորոված են արել, հաց են կերել, օղի ու գարեջուր են խմել: Աննան վատացել, գնացել է վրան: Լեհ տղան էլ է գնացել առանձին վրանում քնելու: Ինքն ու հնդիկ աղջիկը մնացել են հաց ուտելու տեղը: Վահեն իրենց մոտ չէր: Մի քանի րոպե նստելուց հետո ինքը զգացել է, որ այդ աղջկան հաճելի է իրենց շփումը: Համբուրվել են: Այդ «Ռիհանան» իր կամքով ձեռնաշարժություն է կատարել՝ հանգիստ, ոչ կոպիտ: Իրենք նորից համբուրվել են, ու այդ ժամանակ աղջիկը անսպասելի կծել է իր լեզուն: Ինքը հրել է աղջկան, ռուսերեն հարցրել է. «Պաչեմո՞ւ»: Բայց նա ռուսերեն չէր հասկանում: Նա հանկարծ «հիստերիկացել է», ինքը մտածել է, թե «խանգարվել է»:

Ամբողջությամբ՝ 1in.am