Տարոն Մարգարյանի ժամանակ «Սանիթեքը» ինչո՞ւ էր լավ աշխատում


Տարոն Մարգարյանի ժամանակ «Սանիթեքը» ինչո՞ւ էր լավ աշխատում
Ապրիլ 13 21:25 2019

 

Երևանցիները սկսել են խոստովանել, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը անհամեմատ ավելի լավ էր աշխատում, մասնավորապես աղբահանությունը նորմալ կատարվում էր, հասարակական տրանսպորտի աշխատանքն էլ անհամեմատ ավելի լավ էր կազմակերպվում։Երևանի աղբանահությունը կոլապսի մեջ է․ համացանցը հեղեղված է աղբակույտի կադրերով։ Աղբահանությունը վատ է կատարվում բոլոր թաղամասերում անխտիր։ Աղբամանները օրեր շարունակ չեն դատարկվում, աղբի կուտակման տեղերը չեն մաքրվում, աղբամաները չեն լվացվում։ Երևանում աղբահանության և սանմաքրման աշխատանքները նման խայտառակ վիճակում երբեք չեն եղել։ Համենայն դեպս, վերջին 10 տարվա ընթացքում աղբի այսպիսի խայտառակ կույտեր Երևանի փողոցներում ոչ ոք չի հիշում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նախօրեին գրառում էր կատարել և տեղեկացրել, որ աղբահանության վատթարացման պատճառը միակ օպերատորի՝ «Սանիթեքի» անբավարար աշխատանքն է։
«Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում:
Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաեւ քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու եւ վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն եւ մաքուր քաղաք:
Հայցում ենք երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,- գրել էր Մարությանի խոսնակը:
Պարզաբանումից հստակ երևում է, որ Երևանի քաղաքապետարանը այս պահին ի վիճակի չէ հարցին լուծում տալ, դրա համար չունի բավարար միջոցներ ու չի կարողանում նաև համապատասխան ելքեր գտնել։
Իր հերթին պարզաբանում է ներկայացրել նաև «Սանիթեք» ընկերությունը՝ նշելով, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։
Ըստ «Սանիթեք» ընկերության հաղորդագրության՝ այս ողջ ընթացքում իրենք անդադար վնասներ են կրել և չեն ստացել ոչ մի փոխհատուցում։ «Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը»,- նշվում է «Սանիթեքի» տարածած հայտարարության մեջ։
Դարձյալ ոչ մի կոնկրետություն, ոչ մի պարտավորություն, ոչ մի խոստում, ոչ մի հստակ ժամկետ։ Կա պաշտոնապես չհաստատված վարկած, թե «Սանիթեք» ընկերությունը որոշակի կապեր ունի Երևանի նախկին քաղաքային իշխանությունների, մասնավորապես Տարոն Մարգարյանի հետ և այդ պատճառով էլ միտումնավոր կերպով տապալում է քաղաքային տնտեսության ամենակարևոր ոլորտի՝ աղբահանության և սանմաքրման աշխատանքները։ Տեղեկատվական տրյուկը էժանագին մանիպուլիացիա է, որը որևէ կերպ չի կարող արդարացում լինել ստեղծված իրավիճակի համար։ Անկախ նրանից, թե ով է «Սանիթեքի» սեփականատերը, ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ ունի պայմանագիր և դրանից բխող պարտավորություններ, որոնք չկատարելու դեպքում կա դատական ճանապարհ։ Հայկ Մարությանն ավելի քան 7 ամիս Երևանի քաղաքապետն է․ աղբահանության խնդիրները, որոնք, ի դեպ ի հայտ եկան նրա՝ քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո, արդեն պետք է կարգավորված լինեին։ Բայց վիճակը գնալով վատանում է, իսկ Երևանի կարգին քաղաքապետը, խնդրի լուծման ծրագիր մշակելու փոխարեն, առայժմ բավարարվում է՝ մեղքը «Սանիթեքի» վրա բարդելով։ Սա վկայում է Երևանի կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամի մասին, որի հաղթահարման ուղիները գոնե այս պահին չեն նշմարվում։

Հայկ Դավթյան

Ի դեպ, նախօրեին թիվ 38 երթուղային տաքսու վարորդները հայտարարել են, որ երկուշաբթի օրվանից այլևս իրենց չվերթերն ամբողջությամբ չեն իրականացնելու։ Էրեբունուց մինչև Զեյթուն՝ Ծարավ Աղբյուր փողոց, հասնելու փոխարեն, նրանք որոշել են բավարարվել մինչև կենտրոն՝ Աբովյան փողոց հասնելով։ Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույցների թաղամասի բնակիչները միշտ դժգոհում են տրանսպորտի վատ աշխատանքից։ Փաստորեն, բարելավման փոխարեն, վիճակն էլ ավելի է վատանալու։

 

hayeli.am