«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվում է․ 50 հոգի գործազուրկ կդառնա


«Գոլդեն Փելես» հյուրանոցը փակվում է․ 50 հոգի գործազուրկ կդառնա
Ապրիլ 13 15:47 2019

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի  ընտանիքին պատկանող Ծաղկաձորում գործող  «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում բարձրաձայնեցին հյուրանոցի աշխատակիցները։ Հիշեցնենք, որ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը նվիրել էր  պետությանը։ Այս մասին ամիսներ առաջ հայտարարել էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ հյուրանոցային համալիրը հանվելու է աճուրդի։ Այս վստահեցումից  ամիսներ անց, սակայն համալիրը աճուրդի հանելու վերաբերյալ որեւէ հայտարարություն չի եղել, ավելին Պետգույքի կառավարման վարչությունից  էլ տեղեկացրել էին, որ նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։ 

Համապատասխան եզրակացությունը չկա, աճուրդ չի հայտարարվել, իսկ հյուրանոցային համալիրի աշխատակիցներն էլ օրեր առաջ ծանուցվել են՝ ապրիլի 18-ին այլեւս գործազուրկ են։ «Մեզ իրավաբանորեն սարքած փաստաթղթեր են տվել, համաձայն, որի ամսի 18-ից այլեւս աշխատանք չունենք։ Բոլորին նույն պատճառաբանությամբ ազատել են աշխատանքից»,- մեզ հետ զրույցում ասաց հյուրանոցային համալիրի աշխատակիցներից մեկը,  նշելով, որ որպես աշխատանքից ազատման պատճառ փաստաթղթում գրված է, թե ձեր ծառայություններից օգտվել չենք ցանկանում։ «Հասկանում ենք, որ ինչ-որ խնդիրներ կան, բայց Ավետիսյանին պատժում եք, ձեր գործն է, մենք ինչ մեղավոր ենք, որ այսօր կանգնած ենք գործազուրկ դառնալու շեմին»,- դժգոհեցին աշխատակիցները։ Այս պահին հյուրանոցային համալիրում աշխատում է շուրջ 50 քաղաքացի։  «Գրեթե բոլորս մարզից ենք, մի քանիսն էլ Ռուսաստանից են եկել ստեղ աշխատում են, ասածներն ինչ է թողենք էլի գնանք»,- նշեցին աշխատակիցները։

Հյուրանոցային համալիրի աշխատակիցները մեզ փոխանցեցին, որ օրեր առաջ «Գոլդեն Փելես»-ում են եղել Կոտայքի մարզպետը, Ծաղկաձորի քաղաքապետն ու Պետգույքի կառավարման վարչության մասնագետները։ Նրանք հերթական անգամ շրջայց ու ուսումնասիրություններ են արել, որից հետո թողել հեռացել են։ «Դիմում ենք պարոն Փաշինյանին, ինչու՞ աճուրդ չի արվում, թող հանձնեն ժամանակավոր ինչ-որ մեկին  աշխատենք, մինչեւ էս հարցը լուծում ստանա։ Մենք ընտանիք ենք պահում, ինչ ենք անելու մի քանի օրից»,- ասացին աշխատակիցները։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ օրեր առաջ եղել են համալիրում։ Ըստ մարզպետի՝ կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի հյուրանոցային համալիրը շարունակի իր աշխատանքը։ Դիտարկմանը, թե աշխատակիցներին աշխատանքից ազատման ծանուցագրեր են տրվել, մարզպետն ասաց, որ դրանից տեղյակ չէ։ «Ես ինքս իրավասու չեմ այդ առումով մեկնաբանություն անել, բայց կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ քննարկում եղել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի եւ փոխնախագահի հետ, եւ մենք քննարկել ենք, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սեփականատիրոջ  փոփոխության ընթացքում հյուրանոցը իր գործառույթները չկասեցնի, եւ դրանով իսկ չկանգնեցնի աշխատակիցներին աշխատանք կորցնելու փաստի առաջ»,- ասաց մարզպետը, հավելելով, որ այս պահին նման վտանգ չկա, որ աշխատակիցները կզրկվեն աշխատանքից։

Հավելենք, որ Ավետիսյանների կողմից ՝ հյուրանոցային համալիրը պետության ը նվիրելու հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «Գոլդեն Փելես»-ը տնօրինում են ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդիները։ Այս տեղեկատվությունը սակայն հերքվեց։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն համալիրը գնելու ցանկություն է ունեցել «Վիվառո» ընկերությունը, սակայն գնի շուրջ պայմանավորվածությունը չի կայացել։