Կյանքն ափսոսելու համար չէ, այլ՝ առաջ նայելու. բլից հարցում Արփինե Հովհաննիսյանի հետ (լուսանկարներ)

Կյանքն ափսոսելու համար չէ, այլ՝ առաջ նայելու. բլից հարցում Արփինե Հովհաննիսյանի հետ (լուսանկարներ)
Ապրիլ 7 23:33 2019

 Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

-Օրն սկսեցիք...

-Ինչպես թվային դարում օրը սկսում է  գրեթե մեծամասնությունը՝ ֆեյսբուքյան լրահոսը աչքի անցկացնելով։

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը:

-Մտովի անցա այսօրվա անելիքների ցանկով։

-Սո՞ւրճ, թե՞ թեյ...

-Եվ¢ սուրճ, եւ¢ թեյ՝ նախապատվությունը տալով թեյին։

-Քաղաքականությունը...

-Հնարավորի արվեստ:  

-Հայաստանն այսօր....

-Այնպիսին չէ, ինչպիսին ցանկանալի կլիներ:

- Հայրենիքը...

-Ինչպես կասեր  պոետը, դառն ու անուշ։

-Երազում եք....

-Երազելը, իհարկե,հաճելի զբաղմունքն է, սակայն  դրանցով շատ տարվելը կարող է անջրպետներ դնել իրականության եւ մտացածինի միջեւ։ Այդիսկ պատճառով նախընտրում եմ նպատակներ դնել։

-Վախենում եք...

-Մարդկային արժեքների կորստից:

- Կինը/տղամարդը....

-Տղամարդը անում է այն ինչ կարող է, կինը՝ այն ինչ տղամարդը չի կարող։

- Աշխատասիրությամբ...

-Խելք+ աշխատասիրություն=հաջողություն, այս գումարելիներից մեկի բացակայությունը կյանքում իրական դժվարություններ է ստեղծում։

- Ոստիկանը...

 -Հիմա ավելի քաղաքականացված:

 - Սերը....

 -Այն աներկբա բանաձեւը, որը մեր աշխարհը դարձնում է ավելի լավը։

 - Իր, որը միշտ Ձեզ հետ է:

 -Ընդհանարապես որեւէ իրի հետ կապվածություն, կարծում եմ, չունեմ։ Մարդ իրերից չպետք է կախվածություն ունենա։

- Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:

-Այն ինչ համոզված եմ, որ կխոցի դիմացինի զգացմունքները:

- Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ:

-Մի ակնկալիր մարդկանից այն ինչ, նրանք  չեն կարող քեզ տալ։

- Մի բան, որ երբեք չեք անի:

-Չեմ հրաժարվի այն արժեքներից, որոնց հավատում եմ:

- Ձեր ամենատարօրինակ սովորությունը:

-Կարծում եմ՝ չունեմ տարօրինակ սովորություններ։

- Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք:

-Իրավագիտությունը:

- Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:

-Որեւէ մեկը չգիտի:

- Գեղեցիկը Ձեզ համար...

-Առաջին հերթին ներդաշնակություն է:

- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:

-Աշխատում եմ հուսահատության չմատնվել, իսկ երբ գնվում եմ դժվարին իրավիճակում, թե ում եմ դիմում կախված է կոնկրետ իրավիճակից։

- Կյանքում երբեք չեք ների...

-Դավաճանությունը:

- Ձեր ամենամեծ հիասթափությունը...

-Ամեն անգամ, երբ բախվում եմ երեսպաշտության:

- Մի բան, որի համար շատ եք ափսոսել:

-Կարծում եմ՝ կյանքն ափսոսելու համար չէ, այլ առաջ նայելու։

- Երբ բարկացած եք...

-Փորձում եմ հաշվել մինչեւ տասը:

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...

-Կյանքը գեղեցիկ է շարժման մեջ ու եթե ես համարեմ, որ ունեմ ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն այլեւս չկա  այդ շարժումը։

-Երբեք չեք փորձի...

-Ինչ-որ բան միայն նրա համար, որ ասեմ փորձել եմ:

- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...

-Այնտեղ, որտեղ ինձ սպասում են:

- Մի բառով բնորոշեք Ձեզ:

-Նվիրվող:

- Երջանկության՝ Ձեր բանաձևը...

-Սիրելի մարդիկ, սիրելի աշխատանք եւ ինքդ քեզ հետ հաշտ լինելը։

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Մենք կլինեինք ավելի տրամաբանական Հայաստանում:

-Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Ասֆալտին փռելը եւ պատին ծեփելը, երկրի ղեկավարի սիրած քաղաքական կատերգորիան չէր լինի:

-Եթե աղջիկները ծառայեն բանակում:

-Գաղափարին ինքին դեմ չեմ, սակայն ծառայությունը տղամարդու եւ կնոջ համար չի կարող լինել նույնը, դրա համար  գաղափարի իրականացման մեխանզմների շուրջ պետք է մտածել:

 -Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին

-Մենք զրկված կլինեինք հասարակական հսկողության ամենակարեւոր եւ առանցքային մեխանիզմից։

 -Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Օրս կնվիրեի սիրելիներիս:

- Այս պահին կուզենայիք...

-Լինել Իտալիայում:

- Եվ վերջում...

-Կցանկանայի շնորհավորել մեզ ամենաջերմ ու քնքուշ սիրող մարդականց՝ մեր անփոխարինելի մայրերին։

Կարինե Գևորգյան

 

 

 

 

loading...