«Ադրբեջանցները զոհերին թողնում էին դաշտում, որ շնագայլերը հոշոտեն, հետքերը կորչեն». Նաիրի Հոխիկյան

«Ադրբեջանցները զոհերին թողնում էին դաշտում, որ շնագայլերը հոշոտեն, հետքերը կորչեն». Նաիրի Հոխիկյան
Ապրիլ 4 15:30 2019

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․ «Ապրիլյան քառօրյայի 3-րդ օրը Մատաղիսից ու Թալիշից շարունակվում էր բնակիչների հոսքը դեպի Մարտակերտ ու Ստեփանակերտ: Մենք գնում էինք Թալիշ, իսկ դիմացից բեռնատարներով գալիս էին թալիշցի կանայք ու երեխաները՝ բոբիկ, ահաբեկված:

Որքան մոտենում էինք Թալիշին, այնքան ավելի հաճախակի էին գլխավերևում թռչում արկերն ու բախվում դիմացի բլրին: Տանկերը մեծ արագությամբ գնում ու գալիս էին, հաճախ էինք ստիպված դուրս գալիս ճանապարհից, որ տեղ տանք տանկերին ու զինվորներին տեղափոխող մեքենաներին:

Հասանք Թալիշ: Ավերակների վերածված: Կրակի թիրախ էր դարձել հանդիսությունների նորակառույց սրահը: Փլուզվող տների տեսարանը դաժան էր. աչքի առաջ քանդվում էին գնդակոծված դատարկ տները:

Գնացինք դիրքեր: Մերձամարտեր այլևս չկային. թշնամին հետ էր քաշվել, սակայն շարունակում էր գնդակոծել Թալիշը: Խրամատներից պարզ երևում էին դաշտում ադրբեջանցիների թողած մի քանի տասնյակ դիակները: Չէին տանում անգամ այն պարագայում, երբ մերոնք առաջարկում էին ժամանակավոր հրադադար անել՝ զոհերին դաշտից հանելու համար:

Անգամ միջնադարյան դաժան մարտերի ժամանակ կողմերը դադար էին տալիս՝ զոհերին հանելու համար: 2016-ի ապրիլյան պատերազմին Ադրբեջանը դրան էլ համաձայն չէր:

Մեր զինվորականներն ասում էին՝ թշնամին չափից շատ զոհ է տվել, եթե նրանց հանի դաշտից, իր հասարակությունը դժգոհության ալիք է բարձրացնելու: Դրա համար թողնում են դաշտում, որ շնագայլերը հոշոտեն, հետքերը կորչեն, հետո կասեն հայերի մոտ գերի են, անհետ կորած կամ նման մի բան:

Ճիշտ էին մերոնք: 2 օր անց դաշտում մնացած ադրբեջանցի զոհերի միայն համազգեստն էր մնացել, իսկ հայ զոհերին մեր զորքը կյանքի գնով հետ բերեց:

Դիակ տեսնելն այնքան սովորական էր դարձել, որ երբեմն անզգայացած՝ հումորներ էինք անում: Օրեր անց միայն սկսեցինք հասկանալ ու հարց տալ՝ ինչպե՞ս էինք կարողանում…

Ապրիլի 5-ի կեսօրին կրկին Ջրականում էինք: Զանգեց սահմանին ծառայող ընկերս: Դողացող, բայց ուրախ ձայնով ասաց. «Աչքներս լու՜յս, պրծաաաավ»:

Պատերազմն, իրոք, շատ դաժան բան է: Անգամ երբ ձեռքիդ զենք չկա, և քո միակ զենգը տեսախցիկն ու գրիչն է, ամբողջ էությամբ զգում ես այն ագահությունը, որով պատերազմը խժռում է մարդկանց: Երբ կողքիդ կռվում են տղաներն ու զոհվում՝ չզգալով, թե ինչ եղավ:

Բայց պատերազմը միաժամանակ անհրաժեշտություն է, որպեսզի հասկանաս, թե ինչ ունես դու և գնահատես այն: Պատերազմի շնորհիվ զգում ես քո ունեցած հողի ու հայրենիքի արժեքը:

Շարունակելի»:

 

 

loading...