«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված նամականիշ


«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակին նվիրված նամականիշ
Մարտ 26 14:00 2019

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից  մարտի 26-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Պորտուգալիա համատեղ թողարկում. Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: Նամականիշերի թողարկման նախաձեռնողն է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը: 230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ յուրաքանչյուրը 40 000 տպաքանակով:  Նամականիշերի դիզայնի հեղինակներն են պորտուգալական Atelier B2 ընկերությունը (Ժոզե Բրանդեու) և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշերի վրա պատկերված է հայ մեծանուն գործարար, բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955թթ.)` իր կողմից ձեռք բերված արվեստի գործերի հավաքածուի նմուշների խորապատկերին, որոնք գտնվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Ռենե Լալիքի հեղինակած և 1900 թ.-ին Գալուստ Գյուլբենկյանի կողմից ձեռք բերված սիրամարգի տեսքով կրծքազարդ՝ պատրաստված ոսկուց, էմալից, օպալից և ադամանդներից: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա ներկայացված է Կուտինայի հախճապակյա թաս (XVIII դ.)՝ ձեռք բերված Գալուստ Գյուլբենկյանի կողմից 1922 թ.-ին:   

 

Մարման միջոցառման շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամի վաճառքի մեկնարկի մասին:

 

Նամականիշերի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: