Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել


Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
Մարտ 26 12:46 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 15:47-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետեւանքով սահել է եւ երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը «Վայքի ՃՇՇ»-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է եւ ճանապարհը դարձել է երթեւեկելի:

Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի (2 ուղեւոր) եւ «Isuzu» մակնիշի (3 ուղեւոր) ավտոմեքենաները։

Փրկարարները «Վայքի ՃՇՇ»-ի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մոտ 200 ավտոմեքենա դուրս են բերել արգելափակումից: