«Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը․ մանրամասներ է ներկայացնում հաղթողը


«Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը․ մանրամասներ է ներկայացնում հաղթողը
Մարտ 23 15:42 2019

Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած «Լավագույն ձեռնարկատեր» մրցանակաբաշխությում հաղթող է ճանաչվել «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» ծրագրի Հայաստանի մասնակից Նելլի Դավթյանը։ ArmDay.am-ի հետ զրույցում վերջինս հայտնել է, որ Բրյուսել կատարած այցի արդյունքում իրենց ընկերությունը պայմանագիր է կնքել առաջատար iGaming ընկերության հետ, և այս պահին մատուցվում են համապատասխան ծառայություններ։

Նշենք, որ Նելլի Դավթյանը հանդիսանում է ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Այ Թի Սոլուշնս» («Անտիկ Արթ» ՍՊԸ) ընկերության հիմնադիր տնօրենը։ Մրցույթին ի սկզբանե մասնակցել են 1000-ից ավելի ներկայացուցիչներ 36 երկրներից։

 

Մեր հարցին՝ ի՞նչ չափորոշիչներով եք որպես հաղթղ ընտրվել հենց Դուք, Դավթյանը պատասխանեց,-«Ընտրվեցինք լավագույն 3-ը՝ ես, մի տղա Մեծ Բրիտանիայից և մի աղջիկ Ռումինիայից, 3-րոպեանոց ելույթ ունեցանք և տեղում բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցեցին քվեարկության։ Ամենա կարևոր չափորոշիչը ծրագրի ընթացքում կատարված աշխատանքն էր սեփական բիզնեսի զարգացմանը ուղղված և ծրագրից ստացված արդյունքը։ Իմ պարագայում դա այն էր, որ ես գնացել էի Մալթա ունենալով փոքր ստարտափ՝ «Busticks» տուրիստական հեռախոսային հավելվածը, իսկ վերադարձա մեծ ձեռքբերումներով, որոնք են՝ 2 պայմանագիր ՏՏ ընկերությունների հետ, որից մեկը ամենախոշորն է Մալթայում, պայմանագիր «City Sightseeing» միջազգային տուրիստական ընկերության հետ «Busticks»-ում իրենց տուրերը վաճառելու նպատակով և ամենա կարևորն ինձ համար՝ կրթական էլեկտրոնային համակարգեր ստեղծելու փորձ ձեռք բերեցի և հիմա մշակել եմ էլ. ուսուցման ծրագիր, որը արդեն ներկայացրել եմ Կրթության և գիտության նախարարություն»։

 

Նելլի Դավթյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ կանի,որպեսզի էլ. ուսուցման ծրագիրը ներառվի հայաստանյան կրթական համակարգում,քանի որ այն կօգնի դարձնել մեր կրթական համակարգը ավելի ներառական։

 

«Բացի այդ ես մի քանի կին ձեռնարկատերերի ուղղված ծրագրերի անդամ եմ և արդեն իսկ օգնում եմ սկսնակ կին ձեռնարկատերերի կյանքի կոչել իրենց ստարտափերը։ Ուզում եմ իմ ներդրումը ունենալ Հայաստանում կին ձեռնարկատերերի թվի ավելացմանը»,-հավելեց նա։

 

Վաչիկ Գրիգորյան