Գյումրին նաև համի մշակույթի կենտրոն. նախագահ Սարգսյանը «Ֆրանսիայի համը» խորագրով ընթրիքին առաջարկել է նախաձեռնել «Հայաստանի համը» աշխարհում


Գյումրին նաև համի մշակույթի կենտրոն. նախագահ Սարգսյանը «Ֆրանսիայի համը» խորագրով ընթրիքին առաջարկել է նախաձեռնել «Հայաստանի համը» աշխարհում
Մարտ 23 14:11 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ֆրանսիայի համը» խորագրով անցկացված՝ աշխարհում ավանդական ընթրիքին, որն այս տարի կազմակերպվել է Գյումրիում:

 

Ինչպես  հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում պետական գործիչների, դիվանագետների, արվեստի, մշակույթի գործիչների, գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկայացվել է ֆրանսիական գաստրոնոմիան, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության մասը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ հրավերն ընդունելու և իր ներկայությամբ ընթրիքը պատվելու համար: Նա նշել է, որ, ավանդական միջոցառում լինելով, ընթրիքն այս անգամ Գյումրիի վերածննդի մասին է, իսկ նախագահ Սարգսյանն այդ վերածննդի ակտիվ մասնակիցներից ու ջատագովներից է: Այդ թեմայով Հանրապետության նախագահն առիթ է ունեցել խոսելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում ողջունել է նման ձեռնարկի անցկացումը Գյումրիում, նշելով, որ Գյումրին ճիշտ տեղն է նման միջոցառման և նոր ավանդույթի մեկնարկի համար: «Կարծում եմ՝ մենք սկիզբ ենք դրել ֆանտաստիկ ավանդույթի, քանի որ ուտելիքն ու համը մշակույթի կարևոր մաս են, իսկ ֆրանսիական մշակույթն ամենահիասքանչներից մեկն է: Ուստի շատ ուրախ եմ, որ ուտելիքի և մշակույթի համը Հայաստանում սկսվում է Ֆրանսիայից և սկսվում է Գյումրիում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

 

Նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս մասնակցել նման հավաքույթի՝ առաջարկելով հանդիպմանը ներկա՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ կազմակերպել իրենց երկրների խոհանոցն ու ավանդույթները ներկայացնող նման միջոցառում. «Եթե իմ դիվանագետ ընկերները շարունակեն ավանդույթը և հաջորդ համի օրը ևս կազմակերպեն այստեղ՝ Գյումրիում, և դա լինի Լիբանանի, Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի օր, ես շատ ուրախ կլինեմ: Վստահեցնում եմ, որ ներկա կգտնվեմ այդ հիասքանչ ընթրիքին»:

 

Միաժամանակ, նախագահ Սարգսյանն առաջադրել է երեք նախապայման այդպիսի միջոցառման համար՝ այն պետք է կրկին անցկացվի Գյումրիում, պետք է ներկայացվի որևէ երկրի համը և մշակույթը, և երրորդ՝ պետք է հրավիրվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրում անել Գյումրիում՝ մշակույթի, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը առաջարկել է նաև ամեն տարի, սեպտեմբերի 21-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում, անցկացնել նմանատիպ միջոցառումներ՝ «Հայաստանի համը» խորագրի ներքո, Հայաստանի համը՝ խոհանոցն ու մշակույթը, տարածելով ամբողջ աշխարհում:

 

Միջոցառումն ուղեկցվել է «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի սաների համերգային կատարումներով: 



loading...