Որքան կլինի պետությանը վերադարձող փողի ծավալը եւ ուր են դրանք գնալու.«Ժամանակ»


Որքան կլինի պետությանը վերադարձող փողի ծավալը եւ ուր են դրանք գնալու.«Ժամանակ»
Մարտ 23 08:40 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կլինեն խոշոր բացահայտումներ եւ մեծ փողեր կվերադարձվեն պետությանը, հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ասելով, որ տարվա ընթացքում տեսանելի կլինի արդյունքը: Հայաստանում պետությունից եւ հանրությունից խլված միջոցների վերադարձի խնդիրը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Միաժամանակ, սակայն, չկա շատ, թե քիչ հստակ գնահատական, թե որքան փողի մասին է խոսքը, ի վերջո, ինչքան փող է ենթակա վերադարձման: Իրավապահ համակարգն ունի՞ որոշակի պատկեր, թե ինչպիսի ծավալների վերադարձի մասին է խոսքը, կա՞ ձեւակերպված իրավական կամ քաղաքական խնդիր, նպատակ կամ ծավալ, թե՞ վերադարձվելիքը որոշվում է քննության ընթացքում եւ այդ միջոցով է պարզվում, թե ով ինչքան վերադարձնելու բան ունի:

Սակայն սրանից ավելի կարեւոր է հարցը, թե ի՞նչ նշանակություն ունի այդ գործընթացը հանրության, պետության զարգացման տեսանկյունից ընդհանրապես: Այստեղ նշանակությունը լոկ տնտեսակա՞ն է, որպեսզի այդ միջոցները վերադարձվեն ու ծառայեն հանրությանը: Այդ դեպքում գուցե ամենեւին պարտադիր չէ, որ դրանք վերականգնվեն բյուջե, վերադարձվեն բյուջե: Օրինակ, նույն ԱԱԾ ղեկավարը օրեր առաջ արեց գուցե նույնիսկ պատմական հայտարարություն այն մասին, որ ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, պետք է կառուցվի Արաքսի ափին Արաքսավանը: Այդ հայտարարությունն արվում էր Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած կարեւոր ու նշանակալից այցին զուգահեռ, արցախաիրանական սահմանին: Փողերը կարող են գալ ոչ թե պետական բյուջե, այլ գնալ «ուղիղ» Արաքսավան, վերածվելով իսկապես կառուցվող քաղաքի, ծառայելով վերաբնակեցման գործին: Դա մի օրինակ է, որովհետեւ ռազմավարական ուղղությունները շատ են, եւ կարելի է վերադարձվող ռեսուրսները միանգամից ուղղել այդ կողմ: