Իրաքում ազատազրկման դատապարտված ԻՊ անդամ չեչենուհին պատմել է Չեչնիայից մինչև Ֆրանսիա, Սիրիա ու Իրաք ձգված իր պատմությունը


Իրաքում ազատազրկման դատապարտված ԻՊ անդամ չեչենուհին պատմել է Չեչնիայից մինչև Ֆրանսիա, Սիրիա ու Իրաք ձգված իր պատմությունը
Մարտ 23 10:08 2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի համար Իրաքում ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի կանանցից մեկը պատմել է Չեչնիայից մինչև Ֆրանսիա, Սիրիա ու Իրաք ձգված ճանապարհի ու այդ ընթացքում իր հետ տեղի ունեցածի մասին:

Ինչպես փոխանցում է բրիտանական Reutersգործակալությունը, ծնունդով Չեչնիայից Լայլա Գազիևան Սիրիայի ճանապարհը բռնել է 2015-ին: Մինչ այդ նա Չեչնիայում եղած «բռնաճնշումների» պատճառով արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ ամուսնացել է և ունեցել 3 երեխա: Գազիևան շուտով ամուսնալուծվել է, քանի որ ամուսինը, ըստ իրեն, բավականաչափ հավատացյալ չէր:

Այդ ժամանակ չեչենուհին որոշել է համացանցի միջոցով ձեռք բերած իր մի քանի ռուսաստանցի ընկերուհիների հետ կարճաժամկետ ուղևորության մեկնել Թուրքիա: Նրա խոսքով՝ ուղևորությունը երկար չէր տևելու, և այդ իսկ պատճառով նա իր երեխաներին նախընտրել է թողնել Ֆրանսիայում:

Գազիևան հայտնել է, որ չի հասկացել, թե ինչպես է Թուրքիայից անցել Սիրիայի տարածք, նրան պարզապես առաջարկել են զբոսնել ծովափով, և կարճ ժամանակ անց նրանք հատել են սահմանը: Ըստ կնոջ՝ ինքը շատ ուշ է գլխի ընկել, թե ուր են իրենք գնում:

Մի քանի ամիս անց Գազիևան այնտեղ ամուսնացել է ԻՊ-ի կազմում կռվող իր համերկրացիներից մեկի հետ, նրանք տեղափոխվել են իրաքյան Մոսուլ, որտեղ էլ Գազիևան լույս աշխարհ է բերել իր որդուն: Կնոջ խոսքով՝ սկզբում ԻՊ գրոհայինների շրջանում ապրելն իրեն վախեցնում էր, սակայն հետո դա նրան սկսել է դուր գալ: Չեչենուհին հիշել է, որ նրանց տրամադրել են տեղի լավագույն տներից մեկը, ապահովել բժշկական օգնությամբ ու սնունդով:

Երեխայի ծննդից հետո, սակայն, Գազիևան այրիացել է և նախընտրել տեղափոխվել հյուսիս՝ զինված բախումներից որքան հնարավոր է հեռու: Սակայն 2017-ին, երբ իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլը, Գազիևան մյուս ահաբեկիչների կանանց հետ միասին ստիպված է եղել փախուստի դիմել Թուրքիայի կողմ:

Թուրքական սահմանին մոտ տարածքում վերահսկողություն սահմանած քրդական զինված ջոկատների զինյալները խոստացել են նրանց թողնել անցնել սահմանը, սակայն փոխարենը ստիպել են հանձնվել, իսկ ավելի ուշ փոխանցել ԻՊ-ականների կանանց Իրաքի իշխանություններին:

Նշվում է, որ ո՛չ Գազիևան, ո՛չ իր երեխան չունեն ֆրանսիական քաղաքացիություն, ինչից ելնելով նրանք կարող են հույս դնել միմիայն ՌԴ համապատասխան մարմինների օգնության վրա:



loading...