Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է

Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է
Մարտ 22 10:50 2019

Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առեւանգելու եւ սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։  «Փաստինֆո»-ի  հարցին ի պատասխան ՀՀ Ոստիկանության հասապակայնության հետ կապի եւ լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ  «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»:

Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ նախկին Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առեւանգել է իրեն եւ ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առեւանգել, տարել են գիշերով եւ ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետեւ հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարեց, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ։

«Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան, որ նյութեր նախապատրաստելու համար քրդատօրենսգրքով նախատեսված 10-օրյա ժամկետը լրացել է՝  քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ ոստիկանությունից ասացին «Այս պահին ստուգումներ են ընթանում, հարուցվելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»:

Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը 180-րդ հոդվածով սահմանում է հանցագործությունների մասին հաղորդումների քննարկան կարգը: Ըստ դրա`

1.      Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2.      Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաեւ կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։

Ինչպես նշել ենք՝ դատախազությունից  հայտնել էին, որ հրապարակումները Ոստիկանություն են ուղարկել մարտի 4-ին: Թե երբ է Ոստիկանությունը այն ստացել, Ջանոյանը չցանկացավ նշել:

loading...