Երևանում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ-ծառատունկ

Երևանում կտնկվի շուրջ 5000 ծառ. մարտի 23-ին կանցկացվի շաբաթօրյակ-ծառատունկ
Մարտ 22 10:39 2019

Երևանում մարտի 23-ին վաղ առավոտից կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այդ օրը կարող են մասնակցել նաև բնակիչները: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում: 

«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, ինչպես նաև նախատեսված է ծառատունկ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը: 

Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի շուրջ 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում: 

«Բացի ավանդական ծառատեսակներից լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- տեղեկացրել է Խաչիկ Հակոբյանը: 

Աջափնյակ վարչական շրջանի Էստոնական 12 հասցեի ներկայիս վիճակը տարիների պատմություն ունի: Բնակելի շենքերի ու կրթօջախի հարևանությամբ փոքրիկ աղբավայր հիշեցնող տարածքը ևս կմաքրվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում: Նմանատիպ տեսարանների կարելի է հանդիպել մայրաքաղաքի և՛ կենտրոնական, և՛ արվարձանային հատվածներում: 

«Կխնդրեի, որ շինարարական աղբը թափեին ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև մենք ունենք Նուբարաշենում շինաղբավայր, տանեն այնտեղ: Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչիկյանը:  

Համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: «Համաքաղաքային շաբաթօրյակին միացել են Երևանի բոլոր մշակութային հիմնարկները: Նախատեսել են յուրովի և շատ գեղեցիկ մշակութային միջոցառումներ: Մեզ է նաև միացել արվեստագետների մի հսկայական բանակ և իրենց մասնակցությամբ նախատեսել ենք կազմակերպել գեղեցիկ ֆլեշ-մոբեր՝ «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով: Կոչ ենք անում բոլորին մարտի 23-ին միանալ մեզ: Տոնական շաբաթօրյակ բոլորիս», - նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը: 

Բոլոր վարչական շրջաններում գործում են հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգել նշված հեռախոսահամարներով:

loading...