Ինչո՞ւ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. ո՞նց կարա սենց բան լինի. այսպիսի դեպք ես չունենամ. Փաշինյանը բարկացավ


Ինչո՞ւ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. ո՞նց կարա սենց բան լինի. այսպիսի դեպք ես չունենամ. Փաշինյանը բարկացավ
Մարտ 21 12:26 2019

 Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին: «Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողներն երեք ամիս աշխատավարձ չստանան»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  նշեց, որ նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ դրամաշնորհներով: «Այս տարի ֆինանսավորումը փոխվել է և դարձել մրցութային: Ծրագիրն իրականացնողներն առարկություն են հայտնել սրա հետ կապված: Նախագիծ ենք պատրաստել Ֆինանսների նախարարության հետ, այն կքննարկվի առաջիկա կոմիտեի նիստին և կընդունվի»,- ասաց Հարությունյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին  ասաց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության, վերաբերում է հասարակական կազմակերպության՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումներին: Ըստ Ջանջուղազյանի՝ ֆինանսավորման տրամաբանությունը փոխելու հարցը քննարկվել է մի քանի անգամ, այդ թվում պետական բյուջեի նախագծի շրջանակում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե փողը կա, երեք ամիս  է մարդիկ ծառայությունը մատուցել են և իրենց վարձատրությունը չեն ստացել: Ինչպե՞ս են հնարավոր դառնում նման երևույթները: Ֆինանսավորման ձևերը փոխում ենք, որ ավելի լավ լինի, չէ՞: Այդ դեպքում մրցույթն ինչո՞ւ չի եղել մինչև հիմա: Եթե... պետք է մրցույթ լինի, այսօր մարտի 21-ն է, ինչո՞ւ չի եղել»:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանումներ ներկայացրեց վարչապետին, ինչին արձագանքելով՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանընշեց, որ այսպիսի դեպքերում կարևոր է, որ մանրակրկիտ քննարկումներ լինեն մինչև որոշումներ ընդունելը: Արշակյանը նաև կասկած հայտնեց, թե ֆինանսավորման ձևերը փոխելու նախագիծը շրջանառվել է նախարարությունների միջև:

Դրա հետ կապված Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ նախագիծը շրջանառվել է և կրկնեց, որ այն նույնիսկ մի քանի անգամ քննարկվել է:

«Երեք ամիս ժամանակ է անցել, պետք է ժամանակին այդ որոշումները քննարկել, կայացնել և ընթացք տալ: Ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել, պետք է հստակ իմանալ ինչ աշխատանք է պլանավորվում, ինչ է պետք անել առաջիկա մեկ ամսվա, երկու ամսվա, երեք  ամսվա մեջ և այդպես գնալ առաջ։ Ոչ թե վարչապետը նամակ ստանա, գա ասի՝ սա ինչ է, ասեն՝ լավ բերեք, այն որոշումը հանեք սեղանի ոտքի տակից, բերեք դրեք նիստում քննարկեք...

Քնարկեք և նորմալ ժամանակ որոշում կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: