«Մե ձևըմ դանակը մտել է դոշը…». «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրենը աշխատավարձի պատճառով սպանել է իր լրագրողի 22-ամյա նշանածին


«Մե ձևըմ դանակը մտել է դոշը…». «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրենը աշխատավարձի պատճառով սպանել է իր լրագրողի 22-ամյա նշանածին
Մարտ 19 22:32 2019

1inam-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվեց Վահան Ղազարյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 39-ամյա Վահան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում տեղակայված «Վան» հեռուստաստուդիայի, նույն վայրում գործող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս հեռուստաստուդիայում աշխատած ու պայմանավորված ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լևոն Սահակյանի և նրա ընկերոջ հետ:

Վահանն ու Լևոնը վիճել են չվճարված աշխատավարձը վճարելու հարցով:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Վահան Ղազարյանը ծալովի դանակով երկու հարված է հասցրել Լևոն Սահակյանին՝ ոտքի ու կրծքավանդակի շրջաններին:

Ստացած վնասվածքներով տուժողը կարողացել է նստել իր մեքենան, այն վարել է մինչև Հանրապետական հիվանդանոց: Նրան վիրահատել են, սակայն վնասված են եղել սիրտն ու թոքը, երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ հոկտեմբերի 21-ին նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ըստ դատական ակտի՝ Վահան Ղազարյանը 2005 թվականին Գյումրիում հիմնադրել է «Վան» հեռուստաստուդիան, որի գործունեությունը 2015 թվականից շարունակել է Երևանում:

2016 թվականի փետրվարից հեռուստաստուդիայում որպես լրագրող աշխատանքի է ընդունվել Արեգնազան Թ.-ն: Նա նշանված է եղել Լևոն Սահակյանի հետ:

2016 թվականի օգոստոսին Արեգնազանն իր գործատու Վահան Ղազարյանի հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել՝ կապված աշխատավարձի չվճարման հետ, և դուրս է եկել աշխատանքից:

Նրա նշանածը՝ Լևոն Սահակյանը, Արեգնազանին չվճարված 100 հազար դրամ գումարը Վահան Ղազարյանից ստանալու նպատակով մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ: Վահանը պարտավորվել է այդ գումարը տալ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին…

Դատարանում ամբաստանյալ Վահան Ղազարյանն ասել է, թե միջնակարգ կրթություն ունի, աշխատել է հեռուստալրագրության ասպարեզում, աշխատակցել է «Արմենիայի» «Ժամը» լրատվական հաղորդմանը, հետո էլ բացել է «Վան» հեռուստաստուդիան ու «Պատանի լրագրողներ» դպրոցը…

Առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, Վահան Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Արեգնազանի աշխատավարձը կազմել է 70 հազար դրամ: Արեգնազանի աշխատելու ընթացքում ինքը ծանոթացել է նրա նշանած Լևոնի հետ, որը հաճախ է եղել իրենց ստուդիայում, իրենք որևէ խնդիր չեն ունեցել:

Մինչև 2016 թվականի օգոստոս ամիսը Արեգնազանին ունեցած աշխատավարձի պարտքը կազմել է 80-90 հազար դրամ: Օգոստոսին Արեգնազանը դուրս է եկել աշխատանքից: Հաջորդող երկու ամիսների ընթացքում ինքը չի կարողացել Արեգնազանին վճարել պարտքը: Լևոնի հետ խոսել ու խոստացել է այդ գումարը վճարել 2016 թվականի հոկտեմբերի 20-ին: Լևոնը հոկտեմբերի 19-ին զանգել է Վահանին:

Ըստ Վահանի ցուցմունքի՝ Լևոնի զանգի ժամանակ մեքենայով գնում էր Աբովյան: «Ինքն ասեց՝ կուզեմ քեզի տեսնեմ, ես էլ ասի՝ Աբովյան եմ գնում, Երևանում ուշ կլինեմ…»:

Ըստ Վահանի՝ Լևոնը պնդել է, որ պետք է հանդիպեն: Պայմանավորվել են, որ կվերադառնա Երևան, կզանգի Լևոնին: Ուշ է վերադարձել, զանգել է, Լևոնը չի պատասխանել: Հետո Լևոնն է զանգել Վահանին:

Վահանը Լևոնին զգուշացրել է, որ Գյումրի է գնալու, եթե Լևոնը կհասցնի շուտ հանդիպել՝ նրան կսպասի, հակառակ դեպքում՝ կարող են հանդիպել երկուշաբթի: Ըստ Վահանի՝ Լևոնն է պնդել անպայման այդ օրը, թեկուզ՝ ուշ ժամին հանդիպելու միտքը:

Վահանը նշել է՝ իր մոտ միայն 20 հազար դրամ կար: Ինքը գիտեր՝ Լևոնն ինչ հարցով է գալիս: Լևոնին պիտի առաջարկեր իր մոտի 20 հազար դրամը՝ խոստանալով մնացած 80 հազար դրամը վճարել երկուշաբթի: Մոտի 20 հազարանոցը պատրաստ դրել էր իր սեղանին: Լևոնի հետ հանդիպման ամբողջ ընթացքում թղթադրամը եղել է սեղանի վրա…

Լևոնը հանդիպման է եկել ընկերոջ հետ, ում Վահանը երկու-երեք անգամ նախկինում տեսել էր Լևոնի հետ, բայց նույնիսկ անունը չգիտեր: Գործի բերումով է իմացել, որ նրա անունը Արտակ է:

Լևոնին ու Արտակին դիմավորել է աշխատողներից՝ Գևորգը: Ընդ որում՝ նա գնացել էր խանութ, հաց էր գնել: Եթե Լևոնն ու Արտակը մի քանի րոպե ուշ ներս մտնեին, ինքը գրպանի դանակը տալու էր Գևորգին, որ նա հաց կտրի…

Վահանը նշել է, որ Լևոնին ու Արտակին հրավիրել է իր սենյակ, սուրճ է առաջարկել, նրանք հրաժարվել են: Աշխատասենյակում իր ու Լևոնի միջև ընդհարում է եղել, նույնիսկ դռան ապակին է ջարդվել, երբ ինքն ասել է, թե ամբողջ աշխատավարձը տալ չի կարող, առաջարկել է իր պայմանը, բայց Լևոնը պահանջել է ամբողջ գումարը. «Ես նույնիսկ ասի՝ եթե անգամ իրար զարկենք, կռվենք, ես գումար չունեմ էս պահին, որ տամ… Իրար դոշ էինք հավաքել, ես ասի՝ արեք 80 հազար դրամի ու քանիմ կոպեկի համար խայտառակ չըլնենք՝ ես 40 տարեկան տղա եմ, դու էլ՝ 20 տարեկան, դոշերս կհավաքես… Մարդիկ կիմանան, վրես կխնդան…Արտակն ասավ՝ էկեք հանգիստ խոսանք…»:

Նստել են սեղանի մոտ: Երբ ինքը նորից իր պայմանն է առաջարկել՝ 20 հազար դրամն այդ պահին տալ, իսկ 80 հազար դրամը՝ երկուշաբթի, Լևոնը միանգամից բորբոքվել ու ասել է. «Էս գրաֆինկեն գլխուդ կտամ…»:

Այնուհետև, ըստ Վահանի, Լևոնը վեր է կացել, գնացել է այն սեղանի մոտ, որի վրա լուսանկարչական ապարատներ էին դրված, ձեռքը գցել է ամենալավ ապարատին ու ասել է, թե չվճարված աշխատավարձի տեղը այդ ապարատը կվերցնեն ու կպահեն, մինչև աշխատավարձը ամբողջությամբ վճարվի:

Ըստ Վահանի՝ ապարատը, որ ձեռքն էր վերցրել Լևոնը, իրեն չէր պատկանում: Ինքը զայրացել ու նրան երկու անգամ ասել է՝ ապարատը դիր տեղը: Բայց Լևոնը բանի տեղ չի դրել: Ինքը մոտեցել է նրան ու բռնել է ձեռքը. «Էն մարդուց ապրանք կտանեն, որ կխաբի, ես խաբող մարդ չեմ, ես ասում էի՝ երկուշաբթի կգաք՝ ամբողջ գումարը կտամ…»:

Վահանը նկարագրել է՝ այդ պահին Լևոնը «բոքսով խփեց գլխիս, ես հենվեցի երեք ոտանի սեղանին, սեղանը շրջվեց, ես էլ ընկա… Լևոնը իմ վրա կիսահենված, համարյա պառկած՝ սկսեց բոքսով խփել գլխիս՝ մի 5-10 անգամ խփեց… Ամեն հարվածը շատ ցավոտ էր… Էնքան խփեց, մինչև ես գրպանիցս դանակը հանեցի ու խփեցի նրա ոտքին…»:

Ըստ Վահանի նկարագրության՝ ինքը «կողքանց» ընկել է հատակին՝ մեջքով պատի անկյունին հենված: Լևոնը կիսանստել-կիսապառկել է իր վրա: Իր ձախ ձեռքը մնացել է իր մարմնի տակ, իսկ աջ ձեռքով ինքը փորձում էր դեմքը պաշտպանել Լևոնի հարվածներից… Տեսնելով, որ նրանից չի կարողանում ազատվել՝ աջ ձեռքը հեռացրել է դեմքից՝ այլևս չի պաշտպանվել, այդ ձեռքը մտցրել է գրպանը, գրպանում բացել է ծալովի դանակը, հանել է բացված դանակն ու հարվածել է Լևոնին: Ինքը տեսնում էր Լևոնի ոտքը՝ ջինսով: Որոշել է դանակով հարվածել ոտքին՝ նրանից ազատվելու համար: Հարվածել է: Իր հարվածից Լևոնը թուլացել է, ինքը կարողացել է նրա տակ «ֆռռալ», այդ ժամանակ Արտակը մոտեցել, իր դոշերից բռնել, քաշել-կանգնեցրել է: Տարել է միջանցք, հենել է միջանցքի պատին: Ներսից Լևոնն ասել է՝ խփեց, ծակեց: Արտակը Վահանին հարցրել է՝ դանակո՞վ ես խփել: Վահանն ասել է՝ հա, բայց ոտից եմ խփել…

Վահանն ասել է. «Ես որ հելել եմ, դանակ չկար ձեռս… Արտակը չի տեսել, որ ես դանակով խփել եմ… Դանակը հետո սենյակի հատակին եմ գտել…»:

Դանակով հարվածելու պահի մասին Վահանն ասել է. «Ինչխօր մեկն ասեր՝ ջեբդ դանակ կա… Լևոնն էնպես ուդարներ կուտար, աչքերիս դեմը կսևնար… Ես նախապես դանակ չեմ հանել, ցույց չեմ տվել: Եթե նախապես դանակ հանեի, իրանք սենյակում իմ հետ չէին նստի, կթողային-կգնային… Որ հետո Լևոնին տեսա՝ դոշին արուն, զարմացա՝ էդ ի՞նչըխ էղավ, ես ոտին եմ խփել… »:

Լևոնին Վահանը բնութագրել էր՝ որպես «հավասարակշռված, կոռեկտ, համեստ տղայի»: Նա նշել է. «Էդ օրը Լևոնը իմ ճանաչած Լևոնը չէր, թե ինչու էր տենց ագրեսիվավարի խփում ինձ՝ չգիտեմ: Ի՞նչ էի արել կամ ի՞նչ էի ասել…»:

Վահանն ասել է, թե դանակահարությունից հետո չի գոռացել՝ զենքս տվեք: Ճիշտ է, ինքը զենք՝ գազային ատրճանակ ուներ, այն դարակի մեջ էր, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր, ինքն ո՞ւմ պիտի ասեր՝ զենքս տվեք:

Երբ Լևոնն ու Արտակը դուրս են գնացել, աշխատողները առաջարկել են շտապօգնություն զանգել, բայց Լևոնն ասել է՝ չէ, ես մեքենան կքշեմ-կգնամ…

Ինքը նրանց գնալու պահին ատրճանակը ձեռքին դուրս չի եկել: Իր ձեռքին չէր կարող ատրճանակ լինել, քանի որ դրանից հետո գնացել է երկրորդ հարկ, մի քիչ հանգստացել է, ու իր մոտ զենք չի եղել…

Ինքը զանգել է մեկ այլ Վահանի, առաջարկել է գնալ հիվանդանոց ու իմանալ Լևոնի մասին: Հետո Վահանի հեռախոսն անհասանելի է եղել: Առավոտյան այդ հեռախոսին պատասխանել է մի փոխգնդապետ: Ինքն ասել է, որ ինքն է դանակով խփել: Փոխգնդապետն ասել է՝ արի Աջափնյակի ոստիկանություն: Ինքն ասել է՝ ես դրա տեղը չգիտեմ, կարող եմ լինել Ֆիզիկայի խաչմերուկում: Փոխգնդապետն ասել է՝ այնտեղ գնա ու սպասիր:

Ինքը գնացել է, այնտեղ սառը սուրճ էր խմում, երբ մոտեցել է ոստիկանության փոխգնդապետը: Ինքը նրա հետ նստել է «սկամեյկին», ամեն բան ճիշտ պատմել է: Հետո գնացել են ոստիկանության բաժին:

Ինքն ամբողջ օրը աղոթել է Լևոնի համար՝ իմանալով, որ նա հիվանդանոցում է. «Աղոթել եմ, որ բան չէղնի, ջահել տղա էր՝ սենց ինչ-որ բանի համար՝ չիդես՝ ինչի համար խի՞ կյանքից զրկվեր… Ես սթրեսի մեջ էի, որ իմացա՝ մահացել ա…»:

Վահանն ասել է, որ 1996 թվականից՝ երբ գնացել է ծառայության, գրպանում դանակ է պահել: Երբ զգուշացրել են, որ դանակ չպահի, ասել է՝ հնարավոր չէ, որ ես դանակով կռիվ անեմ… Բայց դեպքի պահին մի տասնհինգ վայրկյանում կորցրել է ինքնատիրապետումը, կարծես մեկը հուշել է, որ գրպանում դանակ կա, ցանկացել է դրա օգնությամբ ազատվել Լևոնի հարվածներից…

Վահանն ընդունել է, որ աշխատավարձերի ուշացումներ եղել են իր հեռուստաստուդիայում: Ինքը սպասում էր՝ Ծառուկյանը կմտնի՞ քաղաքականություն. «Եթե գար քաղաքականություն, ուրեմն մենք ակտիվ աշխատելու էինք… Բոլորը սպասում էին էդ հարցի պատասխանին… Մեզ ասում էին՝ երկու ամիս համբերեք, տեսնենք…Բայց էդ խոսակցությունը ամեն մարդու հասանելի խոսակցություն չէր, իմ աշխատողները աշխատավարձերի ուշացման պատճառը չգիտեին…»:

Վահանը նշել է, որ Արտակի հետ առերես հարցաքննվել է, առաջին հարցը, որ տվել է նրան՝ «Էս ի՞նչ սարքեցիք…»:

Ըստ Վահանի՝ Արտակը նույնպես առերես հարցաքննության ժամանակ նշել է, որ Լևոնը խփում էր իրեն, ինքն ընկած էր գետնին…

Լևոնի կրծքավանդակին խփելու մասին Վահանն ասել է. «Չիդեմ՝ ոնց եմ խփել, չեմ զգացել, նպատակ չի էղել կյանքը խլելու… Մե ձևըմ մտել է դոշը դանակը…»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում