«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ Զապորոժեցն էլ է իրեն շատ». Էդուարդ Շարմազանով

«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ Զապորոժեցն էլ է իրեն շատ». Էդուարդ Շարմազանով
Մարտ 19 17:10 2019

Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ՀՀ վարչապետի հրավիրած ասուլիսին: Շարմազանովը շարունակում է պնդել՝ գործադիրի ղեկավարի եւ նրա թիմի մոտ չի ստացվում արդյունավետ կառավարել, փոխարենը մարդկանց «կերակրում» են տեսարաններով:

Վարչապետ Փաշինյանի պնդմանը, որ եթե այսօր ընտրություններ լինեն,  Իմ Քայլը դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի, ԱԺ նախկին փոխախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է.

«Բա որ այդքան վստահ է իր օրեցօր աճող ռեյտինգի հարցում, որ «Իմ Քայլը» այդքան շատ ձայն այսօր կհավաքեր եւ իր ռեյտինգն էլ բարձրանում էր, ինչո՞ւ պառլամենտը շանտաժով ցրեց:

Որ ասում է՝ դժգոհություն չկա, իրեն խորհուրդ կտամ մի հատ գնա Լոռի: Ալավերդիում 600 ընտանիք այսօր գործ չունի, թող գնա հարցնի՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են իրենց վիճակից: Նախարարությունների աշխատողները, որ կրճատվել են, թող գնա հարցնի՝ գո՞հ են, որ կրճատվել են: Հինգ նախարարություն փակվում է, աշխատակիցները կրճատվում են, 30 տոկոս  կրճատումներ են մարզպետարաններում, ամեն օր մի «քյանդրբազության» մասին կարդում ու լսում ենք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզ իրականացնելու վրա: Շարմազանովը նկատում է, թե կառավարության եւ Փաշինյանի դեմ հակաքարոզի կարիք չկա, որովհետեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը իր թիմով, իր գործողություններով, այս 11 ամիսներին իր ապաշնորհ քաղաքականությամբ եւ կադրերով լավագույն հակաքարոզն են իրականացնում իրենք իրենց դեմ:

Փաշինյանի դիարկմանը, թե այս ընթացքում չկա պաշտոնյա որ ձախողված լինի, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Կա պարոն Փաշինյան նման պաշտոնյա, եւ այդ պաշտոնյան դու ես: Վերցրու նախորդ տարվա կառավարության գործնեության թվերը՝ սկսած տնտեսական աճից մինչեւ ներդրումներ, եւ կհամոզվես»:

Ինչ վերաբերում է վարչապետի արտահայտությանը, թե «մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետեւից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», ՀՀԿ խոսնակը նկատում է.

«Կարիք չկա Ֆեռարիով հասնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ Զապորոժեցն էլ է իրեն շատ: Էդ որ ասում է՝ ապաշխարեք, ա՛յ ախպեր, դո՛ւ պիտի ապաշխարես ու ներողություն խնդրես քո գործընկերներից, որ ամիսներ շարունակ ատելություն եք քարոզել սիրո եւ համերաշխության անվան տակ, դու պիտի ներողություն խնդրես ժողովրդից, որ էս 11 ամիս է՝ խաբում ես ու շարունակում ես խաբել, որ մարդկանց սեւերի ու սպիտակների եք բաժանել եւ շարունակում եք ձեզ դիֆերամբներ չձոնող գործիչներին, քաղաքացիներին, ԶԼՄ-ներին տեռորի ենթարկել, Ինչո՞ւ: Որովհետեւ մարդիկ քաղաքական կողմնորոշում փոխող կոմերսանտներ չեն, որովհետեւ «Թավշյա» լոզունգներով միամիտների ականջներին լապշա կախելուն խանգարում են իրենց սթափությամբ: Իսկ ես ապաշխարում եմ ամեն օր, առնվազն՝ ամեն կիրակի ու ոչ թե քո առջեւ ու քո նմանների, այլ՝ Տիրոջ առջեւ»:

loading...