Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ


Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ
Մարտ 18 21:36 2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առաջին կանգառը «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի Սևանի մասնաճյուղում էր, որտեղ նախարարը մասնակցել է համակարգչային շերտագրության ծառայության բացման արարողությանը:

«Կարևոր է, որ մարզային բժշկությունը նույնպես բարձրանա այն մակարդակի, որն անրհաժեշտէ մեր բնակչությանը»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ բոլոր նոր կառուցվող մարզային հիվանդանոցները պետք է ունենան համապատասխան հագեցվածություն:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ վերաբացվել է հիմնանորոգված պոլիկլինիկան: Շրջելով տարածքում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է բժշկական հաստատության պատրաստվածությանը:

Ողջունելով անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ նման պայմանները, հագեցվածությունը և վերապատրաստված բժշկական կադրերը երաշխիք են` որակյալ բուժօգնություն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: