Հայկ Մարությանը համաքաղաքացիներին կոչ է անում միանալ Երևանում մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին


Հայկ Մարությանը համաքաղաքացիներին կոչ է անում միանալ Երևանում մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակին
Մարտ 18 18:14 2019

 Աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար: Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է:

 

 

«Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և մեր համաքաղաքացիները, և մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- նշել է քաղաքապետը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին մայրաքաղաքում  հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին:

 

«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք: Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամ այսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծ հույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի»,- ընգծել է Հայկ Մարությանը:

 

Համաքաղաքային շաբաթօրյակը քաղաքի տարբեր հատվածներում կուղեկցվի տոնական միջոցառումներով: Բոլոր վարչական շրջաններում կգործեն հատուկ հեռախոսահամարներ: Քաղաքի մաքրությանը միացած բնակիչները կոնկրետ հասցեներն իմանալու և գործիքների ձեռքբերման համար կարող են զանգահարել նշված հեռախոսահամարներով: 

 

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մարտի 13-ից Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը: Անցած երեք օրերի ընթացքում հավաքել են 9 շուն: Ընթացքում աշխատանքի ծավալները կավելանան: Քաղաքապետարանի «Թեժ գծով» ստացված բոլոր հասցեները տրամադրվում են ՀՈԱԿ-ին, և ըստ ռիսկայնության աստիճանի հերթագրվում ու կատարվում են աշխատանքները:

 

«Ծանոթ մարդիկ ինձ արդեն ասել են, որ տեսել են այդ շներին, և ինչն է հետաքրքիր, որ անգամ երեխաներն առանց վախենալու կարողանում են մոտենալ և սիրել՝ հավատացած լինելով, որ իրենք վտանգ չեն ներկայացնում: Սա շատ լավ սկիզբ է, և հուսով եմ, որ ամեն ինչ շատ արագ տեմպերով առաջ կգնա»,- նշել է քաղաքապետը: