ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել․ Գորգիսյանը մանրամասնում է


ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել․ Գորգիսյանը մանրամասնում է
Մարտ 18 17:47 2019

Վերջերս տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն միջկուսակցական շփումները շարունակելու վերաբերյալ։ Հանդիպմանը ԼՀԿ-ից մասնակցել են  Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիյանը, իսկ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Արսեն Համբարձումյանը, Իշխան Սաղաթելյանը՝  ՀՅԴ-ից։ Դաշնակցության կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ անդրադարձ է եղել  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, ազգային-պետական  օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։

Հանդիպման մասին ArmDayam-ը փորձել է մանրամասներ իմանալ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ պատգամավորը պատասխանեց,-«Դեռ ընտրություններից անմիջապես հետո մենք հայտարարեցինք, որ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք չեն անցել Ազգային ժողով, բայց ստացել են քաղաքացիների որոշակի մասի վստահության քվեն։ Եվ այս հանդիպումների շարքում առաջինը հենց Դաշնակցության հետ հանդիպումն էր՝ գնահատելով նրանց կուսակցաշինության դարավոր փորձը։ Ընդհանուր խոսակցությունը հետագա համագործակցության շուրջ էր, պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կարող ենք համագործակցել այն խնդիրների շուրջ, որոնք կհամընկնեն մեր և իրենց ծրագրում ու մոտեցումներում»։

Հղում անելով հայտարարության տեքստին՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ասել է Արցախ-Հայաստան ռազմաքաղաքական դաշինք, և արդյո՞ք մինչ այս այն գոյություն չի ունեցել, և Գորգիսյանը պարզաբանեց, որ դե յուրե այդպիսի դաշինք չի եղել, և այն կարող է լինել հաղթաթուղթ, սակայն դեռ վաղ է այն օգտագործելու համար։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է պայմանավորվածություն ձեռք բերեն նաև ՀՀԿ-ի հետ, քանի որ ՀՀԿ-ն նույնպես արտախորհրդարանական ուժ է, պատգամավորը պատասխանեց,-«Այս պահին չկա նման բան, և չեմ էլ կարծում, որ կարող է լինել, քանի դեռ նրանց ղեկավար կազմը չի փոխվել, որովհետև բոլոր այն խնդիրները, որոնց հետ առընչվում է ներկայումս Հայաստանը, պայմանավորված են եղել Հանրապետական կուսակցության բաղթողումներով, սխալներով և անհեռատես գործունեությամբ։ Քանի դեռ նրանք ունեն նույն ղեկավար կազմը, նրանք շարունակում են լինել պատասխանատուն այդ ամենի համար, և նրանց մղումներն ավելի շատ ռևանշիստական են, քան՝ ընդդիմադիր և երկրի շահից բխող»։

Այնուամենայնիվ Գորգիսյանը հստակեցրեց, որ եթե ՀՀԿ-ն ունենա նոր կազմ, նրանց հետ հանդիպելու տարբերակն իրենք կքննարկեն։

Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ն նույնպես, բազմիցս ՀՀԿ-ի հետ համագործակցությունների գնալով, իր անվան շուրջ տարատեսակ ընկալումների տեղիք է տվել, մասնավորապես, մարտի 1-ից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, Գևորգ Գորգիսյանը ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ դուրս է եղել «սև ու սպիտակ» բաժանումից և քաղաքական դաշտը դիտարկել են քաղաքական ուժերի համագումար։

Պատգամավորը կարևոր համարեց ՀՅԴ-ի խիստ ազգայնական մոտեցումները լսելն ու ժամանակ առ ժամանակ դրանք ԱԺ-ում բարձրացնելը։

Վաչիկ Գրիգորյան