Սարյան փողոցում մարտի 13-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրների, որոնցից մեկն անչափահաս է


Սարյան փողոցում մարտի 13-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրների, որոնցից մեկն անչափահաս է
Մարտ 18 17:18 2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վիճաբանել են խաղասրահի մոտով անցնող թվով 5 երիտասարդների հետ, որի ընթացքում որպես զենք գործադրվող մետաղական խողովակներով ծեծի են ենթարկել վերջիններիս` պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ են հասցվել երիտասարդներից մեկին՝ ծնված 1990 թվականին՝ պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող արյունահոսող վերք, աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի ծակած-կտրած, արյունահոսող վերք, գլխի աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքներ: 

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սարյան փողոցում գտնվող խաղասրահի մոտ 3-4 երիտասարդներ հայհոյել են փողոցում, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել վերջիններիս և փողոցով անցնող երիտասարդների միջև: Այդ ընթացքում խաղասրահից դուրս են եկել ևս 4-5 երիտասարդներ և միացել վիճաբանությանը՝ միաժամանակ ձեռքերով ու մետաղապլաստե առարկաներով հարվածներ հասցնելով փողոցով անցնող հիշյալ երիտասարդներին:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է երկու անձ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2001 և 2002թթ., անհատականացվել նրանց գործողությունները, առգրավվել են դեպքի պահին վերջիններիս հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արյան հետքեր, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2001 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2002 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: