Բարձր ենք գնահատում Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում. Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը Բեռլինի խորհրդարանում


Բարձր ենք գնահատում Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում. Արարատ Միրզոյանի ողջույնի խոսքը Բեռլինի խորհրդարանում
Մարտ 18 17:09 2019

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում.
«Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար:

Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի քաղաքը միմյանցից բաժանող բեռլինյան պատը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3-ին և նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական և դինամիկ Գերմանիա տեսնելու:

«Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված և նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով:

Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը և զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարևոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը:

Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Մենք բարձր ենք գնահատում նաև Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում:

Մեր երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են:

Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները:

Հուսով եմ, որ Բեռլինը և մեր 2800-ամյա մայրաքաղաք Երևանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու և փորձի փոխանակման համար: Երևանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման և քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում:
Մեծարգո տիկին Շմիդ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բարդ և պատասխանատու գործունեության ընթացքում` ի բարօրություն Բեռլինի քաղաքացիների»: