Կատվի կերած մսի և շուկայում առկա խնդիրների մասին քննարկում տեղի կունենա․ վարչապետը խնդիրը բարձրացրել էր նախապես


Կատվի կերած մսի և շուկայում առկա խնդիրների մասին քննարկում տեղի կունենա․ վարչապետը խնդիրը բարձրացրել էր նախապես
Մարտ 18 15:56 2019

Լրատվամիջոցներում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է կատուն ուտում «Գումի» շուկայում վաճառքի դրված միսը, և որևէ մեկը չի խոչընդոտում այդ ամենին։ Հայկական շուկայում նմանատիպ դեպքերի առթիիվ ահազանգեր եղել են բազմիցս, և այս հանգամանքը ArmDay.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր ղեկավար Բաբկեն Պիպոյանը, ով եղելությունը որակում է խայտառակություն։

«Մենք կապվել ենք լիազոր մարմնի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ աշխատանքային թիմ է գնացել, սակայն խնդիրը տեղային չպետք է դիտարկել, այլ՝ համակարգային։ Այս ոլորտում մեծ անելիքներ կան, և իմ ունեցած տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս մասով մեծ քննարկում կլինի։ Ամեն տարի, պարբերաբար մենք այսպիսի ահազանգեր ենք ստանում, և դրա համար եմ ասում, որ այս խնդիրը համակարգային լուծում է պահանջում»-ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ օրերս՝ մարտի 15-ին, Սպառողների միջազգային օրվան նվիրված իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այս խնդրին սակայն փաստացի այս խնդիրը դեռ չի լուծվել, և կառավարությունն էլ առանձնապես քայլեր չի ձեռնարկել այս ուղղությամբ։

«Եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վաչիկ Գրիգորյան