Գարեգին Բ-ն ու ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանն անդրադարձել են պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը


Գարեգին Բ-ն ու ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանն անդրադարձել են պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը
Մարտ 18 15:38 2019

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նորին Սրբությունը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն` երախտագիտությամբ արձանագրելով նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձ է կատարել երկու երկրների միջև այսօր առկա համագործակցությանը:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, խոսել է իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկացրել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թ. երկրում հռչակել են որպես հանդուրժողականության տարի:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը և դեսպանն անդրադարձել են պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության առատացման գործում: Կարևորվեցին այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: