Լուլուն եւ ինքն իրեն հակասող նախկին ոստիկան պատգամավորը


Լուլուն եւ ինքն իրեն հակասող նախկին ոստիկան պատգամավորը
Մարտ 18 13:52 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն իր Facebook-յան էջում կատարել էր գրառում, որում տեղ գտած դիտարկումները խիստ տարընթերցումների տեղիք տվեցին։ Մասնավորապես՝ Բադալյանը նշում էր, որ իրենց քաղաքական ուժն է ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, որի հետևանքով մի շարք լրատվամիջոցներ վերածվել են քարոզչամեքենայի։ Լուսինե Բադալյանի կարծիքը մասամբ կիսում է նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, այս մասին, ArmDay.am-ի հարցին ի պատասխան, ասաց նախկին ոստիկանը։

«Նա հենց այնպես չի արտահայտել իր կարծիքը, և գտնում եմ, որ շատերը համակարծիք են նրա հետ։ Կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ոչ թե լրատվություն են մատուցում, այլ քարոզչությամբ են զբաղվում»,-ասաց նա։

ArmDayam-ի հարցին` արդյո՞ք այդպիսիք չեն միայն Բադալյանի նշած լրատվամիջոցները, Խաչատրյանը պատասխանեց,-«Դա նրա կարծիքն է, ես այլ կարծիք ունեմ տարբեր լրատվամիջոցների և լրագրողների մասին, սակայն այն, որ գոյություն ունի նման երևույթ, դա միանշանակ է»։

Մեր մյուս հարցին, թե ինքն էլ է կարծու՞մ, որ իրենց քաղաքական ուժն է ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորը պատասխանեց հարցով՝  այսինքն այսօր բոլոր ազատազրկման մեջ գտնվող անձանց մեր քաղաքական ու՞ժն է ազատազրկել։ Մեր դիտարկմանը՝ Ձեր թիմակիցն է բառացի այպես արտահայտվել, պատգամավորը պատասխանեց,-«Չգիտեմ»։

Հատկանշական է, որ Արմեն Խաչատրյանը առաջիններից էր, որ համաձայնվել էին Լուսինե Բադալյանի գրառման հետ։ Ավելին՝ Խաչատրյանի կարծիքով Բադալյանը շատերի փոխարեն է արտահայտվել, և այս ամենի ֆոնին տարօրինակ է, որ մեզ հետ զրույցում Խաչատրյանը չի համաձայնվում գրառման մեջ տեղ գտած երկու առանցքային դիտարկումների հետ՝ կապված Ռոբերտ Քոչարյանի և լրատվամիջոցների անվանումների հետ, և փաստացի հակասում է ինքն իրեն։

Ստորև ներկայացնում ենք Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունը  Լուսինե Բադալյանի Facebook-յան գրառման տակ․

Վաչիկ Գրիգորյան