«Հայփոստ»-ի ու սոցապահովության 25 աշխատակից յուրացրել են անապահովներին հատկացված գումարները


«Հայփոստ»-ի ու սոցապահովության 25 աշխատակից յուրացրել են անապահովներին հատկացված գումարները
Մարտ 18 13:05 2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպետարանի, 25 աշխատակիցների՝ անապահով ընտանիքներին հատկացված դրամական օգնությունները խարդախությամբ հափշտակման ու յուրացման փաստով քրեական գործի դատաքննության 1-ին նիստը։
Լոռու մարզի դատախազությունը գործը ստացել է 2019-ի հունվարի 24-ին։

Ամբաստանյալների թվում է նաև «Հայփոստ» Ստեփանավանի փոստային մասնաճյուղի տնօրեն Կարեն Մելիքսեթյանը, ով, համաձայն մեղադրական եզրակացության, ընկերության մի քանի փոստային բաժանմունքներ առաքված՝ պետության կողմից անապահով ընտանիքներին որպես դրամական օգնություն հատկացված ընտանեկան նպաստի առանձնապես խոշոր չափերի գումարները խարդախության եղանակով հափշտակելու  դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Հրաչյա Սուքիասյանի հետ, 2013 թվականի հունվարի 1-ից և 2015 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, «Հայփոստ» ՓԲ ընկերության թիվ 1901 փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Արմինե Բարխուդարյանի միջոցով յուրաքանչյուր ամիս ստացել է վերջինիս ու ավագ օպերատորներ Վիոլետա Շախպազյանի, Լեյլի Տիգրանյանի, Ասյա Սուքիասյանի և Մարինա Բարաթյանի կողմից նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված քաղաքացիների անվամբ դուրս գրված նպաստի գումարներից իր մասնաբաժինը, յուրաքանչյուր ամիս 250.000 ՀՀ դրամ՝ այդկերպ խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 6.750.000 ՀՀ դրամ: 

Հրաչյա Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում, որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետև որպես գլխավոր մասնագետ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, իր գործունեության ընթացքում խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային թիվ 1901 բաժանմունքի ավագ օպերատորների, ինչպես նաև փոստատարների հետ, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացված դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, շարունակաբար, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիների գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, մի քանի ընտանիքների ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում, նրանց անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքը սպասարկող փոստային բաժանմունքներ։

Այնուհետև «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային թիվ 1901 բաժանմունքի ավագ օպերատորներ Արմինե Բարխուդարյանը, Սոնյա Կոջոյանը, փոստատարներ Նատալյա Առաքելյանը և Անուշ Այվազյանը, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, պաշտոնական փաստաթղթեր համարվող ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց կատարել են կեղծ ստորագրություններ, որից հետո անձամբ ստանալով նպաստի գումարները՝ փոխանցել են Հրաչյա Սուքիասյանին, ով նախապես պայմանավորվածության համաձայն՝ ստացված գումարի 10 տոկոսը տվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության հիշյալ աշխատակիցներին, իսկ մնացածը բաժանել իր և գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանի միջև՝ այդկերպ խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 50.035.500 ՀՀ դրամ նպաստի գումարները։