Սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է. Հայկ Մարության


Սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է. Հայկ Մարության
Մարտ 14 22:24 2019

Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման պրոցեսը 100 տոկոսով իրավական է:

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք: Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու, Հայկ Մարությանը պատասխանեց, որ պրոցեսը լինելու է շարունակական, բայց փուլային: «Սկզբնական, առաջին էտապը լինելու է Օպերայի հարակից տարածքը: Բոլոր սրճարաններն են ապամոնտաժվելու: Երկու սրճարանի հետ դատական պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա պարզապես այգի չէ, սա Օպերայի շենք է, որը պետք է մշակութային մթնոլորտ ունենա:

Խոսելով այն կարծիքներից, որ մարդիկ գործազուրկ են մնում, Մարությանն ընդգծեց, որ նշվող թվերն ուռճացված են, իրենք հաշվարկել են, թե այդ սրճարանները քանի աշխատող ունեն, և խոսքը տասնյակի մասին է: «Ինձ համար շատ կարևոր է ամեն մի աշխատատեղը, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքը: Կասկադի հարակից սրճարաններում 12 հոգի գտել է աշխատանք, Սարյանի սրճարաններից մեկն առաջարկություն է արել, միացել են Սարյանի մնացած սրճարանները: Խոսում ենք սրճարանների հետ, ասում ենք՝ միգուցե վերցնեք, խնդրում ենք՝ վերցրեք: Նույն մեր երևանցիներն են, մենք տառապում ենք իրենց խնդիրներով»,- հավելեց նա:

Հայկ Մարությանն ասաց, որ սրճարանի սեփականատերերը դուրս չեն եկել կոնտակտի, բայց «ամեն ինչ մաքսիմալ կոռեկտ է արվել», դեռ դեկտեմբերին ծանուցվել են, հունվարին էլ նամակներ են ուղարկել 3 տնտեսվարող սուբյեկտի, որտեղ ասվել էր, որ ողջամիտ ժամկետներում սրճարաններն իրենք ապամոնտաժեն սրճարանները:

«Զանգել ենք, խոսել ենք տնօրենների հետ, ասել են, որ չեն ապամոնտաժելու, դուք ինչ ուզում եք, արեք: Մեր կողմից ամեն ինչ արվել է, որ իրենց կոմֆորտ լինի: Իրավական առումով 100 տոկոսանոց է, մարդկային առումով էլ մենք ամեն ինչ 100 տոկոսանոց ենք արել, որովհետև իրենք մեր քաղաքացիներն են»,- նշեց նա՝ ավելացնելով, որ իրենց ցանկացել են հանդիպել տնօրենները, բայց ոչ սեփականատերերը: