ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը հաջողություն է մաղթել համազեկուցողներին իրենց առաքելության իրականացման գործում և հայտնել Ազգային ժողովի պատրաստակամությունն ակտիվորեն համագործակցել համազեկուցողների հետ:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացրել է իր անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները՝ այս համատեքստում կարևորելով 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի հաջող ընթացքը:
«Անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելիորեն հաստատված է: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը սոսկ բառեր չեն, այլ հիմնարար արժեքներ, որոնցով այսօր մեր հասարակությունը զարգանում է»,-ասել է Ազգային ժողովի նախագահը:
Յուլյա Լովոչկինան շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնելու կապերը Հայաստանի հետ, ընդլայնելու համագործակցությունը խորհրդարանական հարթակներում:
Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է խորհրդարանական աշխատանքի առաջնահերթությունները, օրենսդրության մշակման գործընթացները, անդրադարձել անցումային արդարադատությանը, ընտրական բարեփոխումներին, մեր երկրի իրականացրած հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այս հարցում կարևորելով կառավարության և խորհրդարանի համագործակցված աշխատանքը: