Կառավարությունն առաջարկում է լրամշակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթը


Կառավարությունն առաջարկում է լրամշակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ներկայացրած նախագծերի փաթեթը
Մարտ 14 16:39 2019

 Կառավարությունն առաջարկություններ ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի փաթեթի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: 

Գործադիրի նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է ՀՀ դատավարական օրենսգրքերով նախատեսված՝ դատական տուգանք սանկցիայի կիրառման հարցում բացառություն սահմանել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի համար:

«Առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է նրանով, որ փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը: Գործին մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ դատարանի կողմից որպես դատական սանկցիա տուգանքի վերացմանն ընդհանուր առմամբ կողմ լինելով հանդերձ՝ կառավարությունը գտնում է, որ նախագծերն անհրաժեշտ է լրամշակել, մասնավորապես՝ վերականգնելով դատարանի կողմից փաստաբանի և դատախազի նկատմամբ կիրառվող առանձնահատուկ սանկցիան, այն է՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով, համապատասխանաբար, գլխավոր դատախազին կամ ՀՀ փաստաբանների պալատ դիմելը»,-ասաց Արդարադատության նախարարը: